Գերմանիան այլեւս Puma մարտական զրահապատ մեքենաներ չի գնի, քանի դեռ դրանք չեն ապացուցել իրենց հուսալիությունը, հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը այն բանից հետո, երբ վերջին զորավարժությունների ժամանակ մի քանի մեքենաներ շարքից դուրս են եկել, հայտնում է Reuters-ը։
«Հետեւակային մարտական Puma մեքենայի վերջին խափանումները մեծ ձախողում են»,- հայտարարել է Լամբրեխտը՝ հավելելով, որ ինքը այդ հարցով հաշվետվություն է խնդրել ներկայացնել մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը:
«Մեր զորքերը պետք է կարողանան մարտերում ապավինել հուսալի եւ կայուն սպառազինությունների համակարգերին»,- ասել է Լամբրեխտը՝ վստահեցնելով ՆԱՏՕ-ում դաշնակիցներին, որ նրանք կարող են շարունակել ապավինել Բեռլինին՝ 2023 թվականից Համատեղ օպերատիվ խմբի (VJTF) կազմում իրենց պատրաստակամության ապահովման պարտավորությունների կատարման համար։
Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նպատակը Puma-ն հնարավորինս արագ ռազմական պատրաստականության վիճակի բերելն է: Միաժամանակ Բունդեսվերի գերմանական զինված ուժերը հունվարի 1-ից կօգտագործեն Marder մարտական զրահապատ մեքենաները՝ Puma-ի նախորդ մոդելը, ինչը նախարարության ներկայացուցիչը «պահեստային լուծում» է անվանել:
Հանգստյան օրերին Spiegel ամսագիրը հայտնել էր, որ 18 Puma ՄԶՄ-ներ, որոնք նախատեսված էին հաջորդ տարի ՆԱՏՕ-ի Միացյալ բարձր պատրաստվածության աշխատանքային խմբի համար, շարքից դուրս են եկել հրաձգային վարժանքների ժամանակ առաջացած խնդիրների պատճառով:





























