Մինսկում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։
Բելառուսի նախագահի խոսքով, բարդ ժամանակաշրջանը մեզնից պահանջում է քաղաքական կամք եւ երկկողմ օրակարգի բոլոր թեմաներով արդյունքների վրա կենտրոնացում։ «Սա է մեր պատասխանը։ Ոչ մի դեպքում չպետք է կրկնել Խորհրդային Միության փլուզումից հետո թույլ տված սխալները։ Հետեւաբար, մեր անվերապահ առաջնահերթությունը զգայուն տնտեսական հարցերի լուծումն է, որից կախված է բնակչության բարեկեցությունը եւ, ի վերջո, աջակցությունը հանրային եւ քաղաքական ոլորտներում մեր կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է Լուկաշենկոն բանակցությունների սկզբում։
Նա նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը բաց են այլ, այդ թվում՝ եվրոպական պետությունների հետ երկխոսության համար։ «Հուսով եմ, որ շուտով նրանք կլսեն բանականության ձայնը, եւ մենք կանցնենք կառուցողական քննարկման ինչպես ընդհանուր անվտանգության, այնպես էլ ապագա աշխարհակարգի հարցերի շուրջ»։
Պուտինն իր հերթին նշել է, որ երկրները վերջին շրջանում մեծ ուշադրություն են դարձնում միջազգային ասպարեզում անվտանգության եւ համագործակցության հարցերին։ «Եվ ընդհանուր առմամբ, մենք պետք է գոհ լինենք այն բանից, թե ինչպես են մեր հարաբերությունները կառուցվում այս ուղու վրա»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ հանդիպման նպատակը տարբեր ոլորտներում, եւ առաջին հերթին, տնտեսական ոլորտում կառավարությունների ու տարբեր գերատեսչությունների աշխատանքի որոշ արդյունքների ամփոփումն է։
«Կա ուղղություն՝ կապված ռազմատեխնիկական համագործակցության հետ։ Սրանք ոչ միայն փոխադարձ մատակարարումներ են, այլ, իմ կարծիքով, չափազանց կարեւոր է, սա համատեղ աշխատանք է, մշակումներ եւ կոպերացիա այս ոլորտում, այդ թվում՝ արտադրության բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացում»,- ասել է Պուտինը։ Նա անդրադարձել է նաեւ տիեզերական ոլորտում համագործակցությանը։ «Տիեզերական ոլորտում էլ է նույնը։ Մենք ունենք համապատասխան ծրագրեր»։




























