Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին սպառազինության համակարգեր է խնդրել արեւմտյան առաջնորդներից։
«Ձեզնից է մեծ մասամբ կախված, թե ինչպես կավարտվի այս պատերազմը։ Որքան ավելի հաջողակ լինեն մեր պաշտպանական ուժերը, այնքան շուտ ռուսական ագրեսիան պարտության կմատնվի»,- ասել է Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի գլխավորած սկանդինավյան երկրների Միացյալ Էքսպեդիցիոն ուժերի խմբի անդամ երկրների ղեկավարներին ուղղված իր տեսաուղերձում:
«Խնդրում եմ ձեզ մեծացնել երկրին ՀՕՊ համակարգեր մատակարարելու հնարավորությունը եւ օգնել արագացնել մեր գործընկերների կողմից համապատասխան որոշումների ընդունումը»,- ասել է Զելենսկին։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հանդիպումից հետո Reuters-ին ասել է, որ Զելենսկու խնդրանքների մանրամասն ցուցակը քննարկելու բավարար ժամանակ չի եղեր։ Սակայն, ավելի վաղ արձագանքելով Ուկրաինայի առաջնորդի կոչին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ասել է, թե հանդիպումն ուղղված է եղել նրան, թե «ինչպես մենք կարող ենք լավագույնս շարունակել աջակցել» Ուկրաինային:
Զելենսկին նշել է, որ «բացատրություն չկա», թե ինչու գերմանական արտադրության Leopard տանկերը չեն մատակարարվում Ուկրաինային, եւ խնդրել է Նիդեռլանդներին, որի ուժերն օգտագործում են այդ տանկերը, գործընկերների հետ քննարկել հնարավոր լուծումը։«Որպեսզի մեր պաշտպանական գործողություններն ավելի հաջող լինեն, մեզ անհրաժեշտ է զրահատեխնիկա, առաջին հերթին՝ տանկեր»,- ասել է Զելենսկին։
Նա խնդրել է Նորվեգիային նորվեգական արտադրության ավելի շատ արձակման սարքեր եւ NASAMS հրթիռներ ուղարկել, իսկ Շվեդիային՝ Gripen կործանիչներ, RBS 98 հրթիռներ եւ Archer հրետանային սարքեր:
Զելենսկին նաեւ խնդրել է Դանիային Ceasar հաուբիցներ փոխանցել Ուկրաինային, Ֆինլանդիային՝ լրացուցիչ արկեր, Լիտվային՝ NASAM եւ Stinger հրթիռներ, Լատվիային՝ հրետանի, Էստոնիային՝ հաուբիցների եւ զինամթերք։





























