Եվրամիության էներգետիկայի նախարարները շաբաթներ տեւած բանակցություններից հետո վերջապես պայմանավորվել են գազի գների սահմանափակման շուրջ:

Սահմանափակումը գազի բարձր գները իջեցնելու ԵՄ 27 երկրների վերջին փորձն է։

Նախարարները պայմանավորվել են սահմանափակում մտցնել, եթե գները երեք օրվա ընթացքում գերազանցեն 180 եվրոն ՄՎտ/ժ-ի համար՝ ըստ TTF-ի, որը ծառայում է եվրոպական հենանիշի, հաղորդում է Reuters-ը:

Սահմանափակումը կարող է մտցվել 2023 թվականի փետրվարի 15-ից։

Գերմանիան կողմ է քվեարկել գործարքին, չնայած, որ մտահոգություն է հայտնել գնային մրցունակ համաշխարհային շուկաներում գազի մատակարարումներ ներգրավելու այդ քաղաքականության ազդեցության վերաբերյալ Եվրոպայի ունակության վրա, ասել են ԵՄ երեք ներկայացուցիչներ:

«Գերմանիայում ոչ ոք դեմ չէ գազի ցածր գներին, բայց մենք գիտենք, որ պետք է շատ զգույշ լինենք»,- հանդիպումից առաջ ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:

Երեք պաշտոնյաներ հայտարարել են, որ Նիդեռլանդներն ու Ավստրիան ձեռնպահ են մնացել քվեարկության ժամանակ: Երկուսն էլ ընդդիմացել են բանակցությունների ընթացքում սահման դնելուն՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է խաթարել եվրոպական էներգետիկ շուկաների աշխատանքը եւ սպառնալիքի տակ դնել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:Գործարքը հետեւել է գաղափարի շուրջ ամիսներ շարունակվող բանավեճերին եւ երկու նախորդ արտակարգ հանդիպումներին, որոնց ժամանակ չեն կարողացել համաձայնության գալ երկրների միջեւ:

Մոտ 15 երկրներ, այդ թվում՝ Բելգիան, Հունաստանը եւ Լեհաստանը, պահանջել են 200 եվրո/ՄՎտժ-ից ցածր սահմանաչափեր, ինչը զգալիորեն ցածր է 275 եվրո/ՄՎտ/ժ սահմանաչափից, որն ի սկզբանե առաջարկվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից անցյալ ամիս:

«Խոսքը մեր էներգետիկ ապագայի մասին է: Խոսքը էներգետիկ անվտանգության մասին է։ Խոսքն այն մասին է, որ մենք մատչելի գներ ունենանք, որպեսզի խուսափենք ապաինդուստրիալիզացիայից»,- ասել է Բելգիայի էներգետիկայի նախարար Տիեն վան դեր Ստրատենը:

Սկզբում սահմանափակումը չի տարածվի էներգակիրների բորսաներից դուրս գազի մասնավոր գործարքների վրա, թեեւ ուժի մեջ մտնելուց հետո այն կարող է վերանայվել: