Արեւմուտքը պետք է Ուկրաինայում հրադադարի մասին ռուսական ցանկացած կոչ համարի «բոլորովին անիմաստ» ներկա պայմաններում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Համատեղ արշավախմբային կորպուսի (JEF) առաջնորդների գագաթաժողովի ժամանակ, հաղորդում է Politico-ն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ռազմական գործողությունների դադարեցումը միայն որպես իր ուժերը վերախմբավորելու հնարավորություն կօգտագործի։ «Մեզ համար պետք է հասկանալի լինի, որ հրադադարի մասին Ռուսաստանի ցանկացած միակողմանի կոչ բացարձակապես անիմաստ է ներկայիս պայմաններում,- ասել է նա,- Կարծում եմ՝ դա կեղծ ազդանշան կլինի»։

Նրա խոսքով, Կրեմլը պետք է դուրս բերի ռուսական զորքերը «նվաճված տարածքից», նախքան կարելի կլինի խաղաղության մասին իրական բանակցություններ սկսել։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Ուկրաինայի դաշնակիցները պետք է կենտրոնանան «անվտանգության երաշխիքների» քննարկման վրա, ասել է նա։

Նա նշել է, որ արեւմտյան դաշնակիցները պետք է «շատ վճռական» լինեն, որպեսզի մեղադրեն Իրանին՝ Ռուսաստանին Ուկրաինայում օգտագործման համար անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար։ Նա կոչ է արել շարունակել ջանքերը՝ Ռուսաստանի մատակարարման շղթաները եւ նրա տնտեսական կարողությունները խափանելու համար:

2023 թվականին Ուկրաինային հրետանային զինամթերքի մատակարարումների ապահովման համար 250 միլիոն ֆունտ սթեռլինգի պայմանագիր կնքելուց հետո Սունակը արեւմտյան դաշնակիցներից պահանջել է Կիեւին ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանի եւ զրահատեխնիկա մատակարարել: