Չինաստանն ու Գերմանիան պետք է միասին աշխատեն Պեկինի եւ Եվրամիության միջեւ լավ հարաբերությունների ամրապնդման համար՝ առանց երրորդ կողմերի միջամտության։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցում։

Նրա խոսքով՝ Չինաստանը հուսով է, որ Գերմանիան կարող է չինական բիզնեսների համար արդար, թափանցիկ եւ ոչ խտրական աշխատանքային միջավայր ապահովել Գերմանիայում՝ ԵՄ ամենամեծ շուկայում: «Չինաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացումը այն ուղղությունն է, որով Չինաստանն ու Գերմանիան պետք է միասին աշխատեն»,- ասել է Ծինփինը, հայտնում է CCTV-ն:

«Չինաստանն աջակցում է ԵՄ ռազմավարական ինքնավարությանը եւ հուսով է, որ եվրոպական կողմը հավատարիմ կմնա Չինաստանի ու Եվրոպայի՝ որպես ռազմավարական գործընկերների հիմնական դիրքորոշմանը»: