Ղազախստանի ազգային էներգետիկ «Կայմունագազ» ընկերությունը հայտարարել է, որ մոտ ժամանակներս պետք է կայանա իր նավթի փորձնական մատակարարումը գերմանական Շվեդտ քաղաք: Այսպիսով, ընկերությունը պատրաստվում է Գերմանիայում փոխարինել ռուսական վառելիքը։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։
«Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ընկերության ղեկավարության առցանց հանդիպումը Գերմանիայի էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության նախարարության խորհրդարանական քարտուղար Միխայել Քյոլների հետ։ Իսկ Աստանայում կայացել է հանդիպում Գերմանիայի ձախական կուսակցության խորհրդարանական խմբի Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հերկեի հետ։ Կողմերը քննարկել են Ղազախստանից Գերմանիա նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով։ Գերմանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել այդ հարցի նկատմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բանակցությունների արդյունքում կողմերը հետագա փոխշահավետ համագործակցության հույս են հայտնել, ասված է հաղորդագրության մեջ:
Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարանը, որի տարեկան հզորությունը կազմում է ավելի քան 10 մլն տոննա հում նավթ, վառելիք է մատակարարում Բեռլինին եւ Արեւելյան Գերմանիայի մեծ մասին:
Դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել Եվրամիության էմբարգոն ռուսական նավթի մատակարարումների նկատմամբ։ Եվրամիությունը պաշտոնապես դադարեցրել է ռուսական նավթի ներմուծումը ծովային ճանապարհով։ Բացի այդ, դեկտեմբերի 5-ից ԵՄ-ն, G7-ի երկրները եւ Ավստրալիան չեն տեղափոխի եւ ապահովագրի ռուսական նավթը մեկ բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով: Էմբարգոն թույլ է տալիս որոշ երկրների շարունակել ռուսական նավթ գնել։





























