Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիսթիան Լինդները Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել «ֆրենդշորինգի» (friend-shoring, առեւտրի սահմանափակման քաղաքականություն, առաջին հերթին առանցքային ռեսուրսներով, դաշնակից բարեկամ երկրների շրջանակով) սկզբունքները կիրառել «կանաչ» սուբսիդիաների վերջին փաթեթի նկատմամբ, որը կարող է առեւտրային պատերազմ հրահրել ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ:

Նրա խոսքով՝ ինքը մտահոգված է, որ ԱՄՆ-ի կլիմայական փաթեթը, որը հայտնի է որպես ինֆլյացիայի նվազեցման մասին օրենք, եվրոպական ընկերություններին ոչ շահավետ դրության մեջ է դնում։ Նա  լուծում գտնելու համար «առեւտրային դիվանագիտության» կոչ է արել:

«Արժեքների գծով գործընկերները պետք է լինեն նախընտրելի առեւտրային գործընկերներ»,-ասել է Լինդները Bloomberg TV-ին տված հարցազրույցում: «Իմ տեսլականը ազատական ժողովրդավարությունների ազատ առեւտրի գոտին է աշխարհում, եւ առաջին քայլերից մեկը կարող է լինել Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ առեւտրային հարաբերությունների բարելավումը»,-ասել է նա։

«Կանաչ» սուբսիդիաները կարգավորող որոշ կանոններ զայրացրել են ԵՄ-ում եւ ԵՄ-ից դուրս ԱՄՆ դաշնակիցներին։ Այս շաբաթ Գերմանիան եւ Ֆրանսիան կոչ են արել Վաշինգտոնի կառավարությանը Եվրոպային տրամադրել նույն բացառությունները, որոնք վայելում են ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրեր կնքած երկրները, ինչպիսիք են Կանադան եւ Մեքսիկան:

Չնայած Բայդենն ասել է, որ ինքը ճշգրտման հնարավորություններ է տեսնում «եվրոպական երկրների մասնակցությունը հեշտացնելու համար», դեռ պարզ չէ, թե ինչպես կարող է վերանայվել օրենքը, եւ արդյոք դա ընդհանրապես հնարավոր է։ Հանրապետականները դժվար թե ցանկանան դրանում փոփոխություններ կատարել այն բանից հետո, երբ հաջորդ տարի վերահսկողություն հաստատեն Ներկայացուցիչների պալատի նկատմամբ:

Լինդներն ասել է, որ ցանկանում է «բացառություն» եվրոպական ընկերությունների համար եւ խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի կանխի առեւտրային պատերազմը:

«Մեզ անհրաժեշտ են ազատ առեւտրի մասին նոր համաձայնագրեր»,-ասել է նա։