Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ֆրանսիայի հետ բարեկամական կապերի խորացումն առանձնահատուկ տեղ է գրավում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Ֆրանսիայի տրանսպորտի հարցերով նախարար Թիերի Մարիանիի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այդ հանգամանքը պայմանավորել է թե՛ հայ-ֆրանսիական դարավոր հարաբերություններով, երկու ժողովուրդների միջեւ առկա փոխադարձ համակրանքով ու Ֆրանսիայում առկա հայկական ստվար համայնքով, եւ թե՛ միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերակատարմամբ: Նրա խոսքով, չափազանց մեծ նշանակություն ունի նաեւ այն հանգամանքը, որ Ֆրանսիան հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը:
Հանրապետության ղեկավարն իր եւ ամբողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Թիերի Մարիանիին՝ նրա հայանպաստ գործունեության համար:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ առաջիկայում նախատեսվող Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների փոխայցելությունները կարեւոր նշանակություն կունենան երկկողմ հարաբերությունների խորացման եւ առավել ամրապնդման համար:




























