Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դիմել է Կոսովոյի եւ Մետոհիայի հայրենակիցներին՝ խնդրելով ապամոնտաժել բարիկադները։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի եւ Մետոհիայի հարցերով գրասենյակի ղեկավար Պետար Պետկովիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«[Վուչիչը] տրամադրել է փաստաթղթերի եւ հայտարարությունների բովանդակությունը, մատնանշել է այն ամենը, ինչ մենք կստանանք [երաշխիքների հետ կապված] եւ խնդրել է մեր սերբերին լքել բարիկադները»,- ասել է Պետկովիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սերբերին համատեղ հայտարարությամբ տրամադրել են երաշխիքներ, որոնք կապահովեն նրանց ազատումը ձերբակալությունից կամ բողոքի ակցիաներին մասնակցելու համար ցանկացած հետապնդումից։ «Մենք ավելի լուրջ երաշխիքներ ենք ստացել ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից, քան երբեւէ սերբերի պահանջների առնչությամբ, որոնք նրանք առաջադրել են որպես բարիկադներից դուրս գալու պայմաններ»,- ընդգծել է Պետկովիչը։