Համաշխարհային տնտեսությանն սպասվում է դանդաղ աճի մեկ տասնամյակ, իսկ զարգացած երկրների բախտը կբերի, եթե նրանց հաջողվի հասնել տարեկան անգամ մեկ տոկոս տնտեսական վերելքի, կանխատեսել է Tressis Gestion-ի գլխավոր տնտեսագետ Դանիել Լակալեն CNBC հեռուստաալիքի «Squawk Box Europe» ծրագրի եթերում։
«Ես կարծում եմ, որ այժմ մենք տեսնում ենք 2020-2021թթ. կառավարությունների իրականացրած զանգվածային խթանման միջոցների փաթեթների բացասական հետեւանքները։ Դա չապահովեց այն պոտենցիալ աճը, որն սպասում էին շատ տնտեսագետներ»,- նշել է փորձագետը։
Համաշխարհային տնտեսության կայունացմանը կարող է օգնել Չինաստանի վերականգնումը, որտեղ այժմ իրավիճակը մռայլ է, եւ դա առավել ցավագին է անդրադառնում Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրների վրա։ Հենց Չինաստանի տնտեսության լիակատար վերականգնումը հաջորդ տարի կդառնա ամենամեծ դրական քայլը համաշխարհային շուկաների համար։ Ըստ Լակալեի, շատ կարեւոր է այն, որ դա կօգնի, օրինակ, գերմանացի եւ ֆրանսիացի արտահանողներին, որոնք իրենց վրա են զգացել լոքդաունների եւ Չինաստանում շահույթի հետ կապված խնդիրները։
Այնուամենայնիվ, նման սցենարը, միեւնույն է, աշխարհը չի մոտեցնի տնտեսական աճի այն ցուցանիշներին, որը նկատվում էր համավարակին նախորդած 2019-ին։ Բացի ՀՆԱ-ի ավելացման խնդիրներից՝ աշխարհը ստիպված է լինելու ապրել գնաճի բարձր մակարդակի պայմաններում։ Սակայն, չնայած տնտեսությունների զարգացման դանդաղ տեմպերին, աշխարհը չի բախվի նոր տնտեսական ճգնաժամի, կանխատեսել է Լակալեն։





























