G7-ի արտգործնախարարները կոչ են արել թալիբներին «անհապաղ չեղարկել» կանանց աշխատանքի արգելքը Աֆղանստանի օգնության հատվածում, հաղորդում է AFP-ն:
Արգելքը վերջին հարվածն էր Աֆղանստանում կանանց իրավունքներին այն բանից հետո, երբ անցյալ տարի թալիբները վերադարձան իշխանության՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո:
Այս ամսվա սկզբին նրանք արգելել էին կանանց համալսարաններ հաճախել, ինչը Աֆղանստանի որոշ քաղաքներում համատարած զայրույթ եւ բողոքի ցույցեր էր առաջացրել:
G7-ի նախարարները Ավստրալիայի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի եւ Նիդեռլանդների նախարարների հետ միասին հայտարարել են, որ իրենք «լուրջ մտահոգված են, որ թալիբների անխոհեմ եւ վտանգավոր հրամանը վտանգի տակ է դնում մարդասիրական օգնությունից կախված միլիոնավոր աֆղանցիների»:
Օգնություն տրամադրող 6 կազմակերպություններ դադարեցրել են գործունեությունը Աֆղանստանում՝ ի պատասխան արգելքի:
Փրկության միջազգային կոմիտեն, որն արձագանքում է առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում ծագած արտակարգ իրավիճակներին եւ որում աշխատում է 3000 կին ողջ Աֆղանստանից, նույնպես հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը:
«Կանայք կարեւոր դեր են խաղում հումանիտար եւ հիմնական կարիքների աշխատանքներում: Եթե նրանք չմասնակցեն Աֆղանստանում օգնության առաքմանը, ՀԿ-ները չեն կարողանա հասնել երկրի բնակչության առավել խոցելի հատվածներին, որպեսզի նրանց տրամադրեն սննդամթերք, դեղորայք եւ այլ նյութեր ու ծառայություններ, որոնք նրանց անհրաժեշտ են»,- ասված է G7-ի հայտարարության մեջ:
Անցյալ տարվա օգոստոսին իշխանության գալով թալիբներն արդեն արգելել են դեռահաս աղջիկներին ավագ դպրոց հաճախել: Կանանց ազատում են նաեւ բազմաթիվ պետական պաշտոններից եւ թույլ չեն տալիս ճանապարհորդել առանց տղամարդ ազգականի:
ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները, միանալով արգելքը վերացնելու կոչին, հայտարարել են, որ կանանց անձնակազմը «առանցքային դեր է խաղում Աֆղանստանում մարդասիրական արձագանքման բոլոր ասպեկտներում»:
«Դրանք ուսուցիչներ են, սննդաբաններ, խմբերի ղեկավարներ, բուժաշխատողներ, բուժքույրեր, բժիշկներ եւ կազմակերպությունների ղեկավարներ: Նրանք կյանքեր են փրկում»,- ասվում է Աֆղանստանի հարցերով միջգերատեսչական մշտական կոմիտեի հայտարարությունում։





























