ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Գերմանիային եւ մյուս դաշնակիցներին կոչ է արել շարունակել զենք մատակարարել Ուկրաինային։ «Դա կարող է պարադոքսալ թվալ, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենաարագ ճանապարհն է»,- դեկտեմբերի 30-ին dpa-ին տված հարցազրույցում ասել է Սթոլթենբերգը:
Նրա խոսքով, պետք է այնպես անել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հասկանա, որ չի կարողանա վերահսկողություն հաստատել Ուկրաինայի վրա։ Դա ճանապարհ կհարթի բանակցային խաղաղ կարգավորման համար, որը կերաշխավորի Ուկրաինայի գոյատեւումը որպես անկախ ժողովրդավարական պետություն, հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նա նաեւ հստակեցրել է, որ Ռուսաստանում ռազմական օբյեկտների վրա ուկրաինական հարձակումները լիովին օրինական է համարում։ «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանելու իրեն։ Ուկրաինան նույնպես»,- ասել է Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է DW-ն։
Նա բացատրել է, որ ուկրաինական հարձակումները պետք է դիտարկել այն պայմանների համատեքստում, որտեղ դրանք իրականացվում են, այսինքն՝ ռուսական զանգվածային հարվածներ քաղաքացիական ենթակառուցվածքներին, որոնք նպատակ ունեն ձմռանը ուկրաինացի խաղաղ բնակիչներին զրկել ջրից, ջեռուցումից եւ էլեկտրականությունից։
Հարցին, թե նպատակահարմար կլինի՞ Ուկրաինային միջին հեռահարության հրթիռներ մատակարարել, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ դաշնակիցների եւ Ուկրաինայի միջեւ կոնկրետ մատակարարումների շուրջ երկխոսությունը շարունակվում է։ Նա նաեւ հիշեցրել է, որ դաշնակիցները նախկինում Կիեւին տրամադրել են ավելի մեծ հեռահարության, մասնավորապես ամերիկյան HIMARS համազարկային կրակի համակարգեր։





























