Համաշխարհային ֆոնդային բորսաները եւ պարտատոմսերի շուկաները 2022 թվականին ավելի քան 30 տրիլիոն դոլար են կորցրել, ինչը 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո ամենամեծ կորուստն է: Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը։

Հրատարակության համաձայն՝ կորուստների հիմնական պատճառները արեւմտյան շատ երկրներում բարձր գնաճը, տոկոսադրույքների բարձրացումը եւ Ուկրաինայի հակամարտության հետեւանքներն են։ Թերթը մատնանշում է, որ զարգացած եւ զարգացող շուկաների MSCI Համաշխարհային լայն ինդեքսն այս տարի կորցրել է իր արժեքի մեկ հինգերորդը, ինչը ամենամեծ անկումն է 2008 թվականից ի վեր:

Միաժամանակ Նյու Յորքի, Շանհայի եւ Ֆրանկֆուրտ Մայնի բորսաների բաժնետոմսերը զգալիորեն նվազել են։ Մասնավորապես, S&P 500 ինդեքսը կորցրել է իր արժեքի գրեթե 20%-ը, իսկ Nasdaq էլեկտրոնային բորսայի ինդեքսը նվազել է 33%-ով, ինչը վատագույն արդյունքն է 2008 թվականից ի վեր։ Շանհայում եւ Շենժենում CSI 300-ը տեղական արժույթով էժանացել է 22%-ով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 28%-ով: MSCI Europe ինդեքսը դոլարային արտահայտությամբ նվազել է 16%-ով, եվրոյի պարագայում՝ 11%-ով։