Հարավային Սուդանում կալանավորել են վեց լրագրողի՝ տեսանյութի պատճառով, որտեղ երեւում է, թե ինչպես է երկրի նախագահ Սալվա Կիիրը «թրջել տակը»։
Պաշտոնական միջոցառման ժամանակ նկարահանված տեսանյութում Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը կանգնած է պետական օրհներգի կատարման ժամանակ՝ ուշադրություն չդարձնելով այն բանին, որ շալվարը թրջվում է, իսկ ոտքերի տակ ջրափոս է առաջանում։ Տեսախցիկը կտրուկ շրջվում է այն բանից հետո, երբ Կիիրը եւ նրա շրջապատը նկատում են այն, ինչ տեղի է ունեցել, տեղեկացրել է The Guardian-ը։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) տեղեկացրել է, որ Հարավային Սուդանի պետական ռադիոհեռարձակող կորպորացիայի (SSBC) վեց լրագրողներ կալանավորվել են երկրի Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ նկարահանված նյութի չարտոնված հրապարակման կասկածանքով։
Աֆրիկայի Սահարայից հարավ երկրներում CPJ-ի ներկայացուցիչ Մուտոկի Մումոն ասել է, որ ձերբակալությունները համապատասխանում են այն «սխեմային», երբ անվտանգության ծառայության աշխատակիցները դիմում են ինքնակամ կալանավորումների, երբ պաշտոնական անձինք հեռարձակումը աննպաստ են համարում»։ «Իշխանությունները պետք է անվերապահորեն ազատ արձակեն SSBC-ի այդ վեց աշխատակիցներին եւ ապահովեն, որպեսզի նրանք կարողանան աշխատել առանց հետագա ահաբեկումների եւ ձերբակալման սպառնալիքի»,- ասել է Մումոն։
Հարավային Սուդանի լրագրողների միությունը (UJOSS) կոչ է արել «արագ ավարտել» հետաքննությունը։
Եթե կա պրոֆեսիոնալ արարքի կամ իրավախախտման prima facie դեպք, ապա թող իշխանություններն արագացնեն վարչական կամ դատական գործընթացը արդար, թափանցիկ [ինչպես բնօրինակում է] եւ օրենքին համապատասխան»,- ավելացրել է արհմիությունը։
Վկայակոչելով պետական հեռուստատեսության անոնիմ աշխատակցին՝ «Սուդանս Պոստ» անկախ կայքը տեղեկացրել է, որ ոստիկանությունը փնտրում է այն լրագրողին, որը նկարահանել է միջադեպը։ SSBC-ի ներկայացուցիչը Radio Tamazuj անկախ պարբերականին տեղեկացրել է, որ հեռարձակող ընկերությունը նյութը չի ցուցադրել։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում անցած ամիս, ինչն առաջ է բերել հարցեր 71-ամյա նախագահի առողջական վիճակի եւ այն մասին, թե արդյոք նա կարող է պիտանի լինել հակամարտությունների, քաղցի եւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում։ Բայց նաեւ լուրջ վեճեր են առաջացել էթիկայի հետ կապված։
Կիիրը Հարավային Սուդանը ղեկավարում է 2011-ից՝ նրա անկախության ձեռքբերումից ի վեր։ Այդ նախագահությունը մթագնվել է կառավարող Ժողովրդա-ազատագրական շարժման դեմ պայքարով, ինչը հանգեցրել է հարյուր հազարավոր զոհերի։
Կիիրի իշխանության գալու պահից երկրում ընտրություններ տեղի չեն ունեցել, չնայած քվեարկությունը նախատեսված է 2024թ.։





























