Գերմանական Hensoldt պաշտպանական մատակարարը դիմել է կառավարությանը՝ Պարսից ծոցի երկրների հետ քաղաքական զգայուն մի շարք նախագծերի թույլտվություն ստանալու համար, տեղեկացրել է Spiegel-ը։

Hensoldt ընկերությունը, որի արժեթղթերի 25,1 տոկոսը պատկանում է պետությանը, ցանկանում է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) մատակարարել բաղադրիչներ Cobra հրետանու հսկման համակարգի համար եւ հույս ունի ստանալ այդ թույլտվությունը։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել  ընկերության մասնակցության առանձին դեպքերը։ Այնտեղ ասել են, որ Գերմանիայի կառավարությունը «չի կարող միջամտել Hensoldt-ի օպերատիվ գործնական որոշումներին»՝ նրա արժեթղթերի մինորիտար փաթեթի պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։

Գերմանիայի կառավարությունը դիտարկում է նաեւ Hensoldt-ի հարցապնդումը ռազմանավերի ռադարների վերաբերյալ, որոնք Միացյալ Նահանգները կմատակարարի Սաուդյան Արաբիային, տեղեկացրել է Spiegel-ը։

Սաուդյան Արաբիան մտնում է գերմանական ռազմական արդյունաբերության խոշոր գնորդների թվի մեջ, չնայած այն բանին, որ կանցլեր Օլաֆ Շոլցի կոալիցիան խոստացել է չթույլատրել զենք արտահանել այն երկրներ, որոնք, ինչպես ապացուցվել է, անմիջական մասնակցություն են ունեցել Եմենի պատերազմին։

ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի անդամ է, որը Եմենում պայքարում է 2015-ից։