Մենք գիտենք, որ Իրանը հստակ ասել է, որ աջակցում է խաղաղության գործընթացին ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» իր ելույթի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի դեպ, սրանք այն սկզբունքներն են, որոնց մասին ես նշել եմ իմ ներածական խոսքում: Եվ այս սկզբունքերին համաձայնություն է տրվել նաև Բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։

Իմիջիայլոց, Գրանադայի հանդիպման իմաստն այն էր, որպեսզի վերահաստատվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքները։ Սա շատ կարևոր է։ Տեսեք, հիմա շատ մարդիկ քննարկում են, փորձում են գնահատել խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Չկա որևէ չափազանցություն, եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, դա կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Հիմա ամենակարևոր նյուանսն այն է, թե արդյոք Ադրբեջանը կվերահաստատի այն, ինչն արդեն Բրյուսելում համաձայնեցվել է մեր բանակցությունների ընթացքում, որոնք տեղ են գտել Շառլ Միշելի հրապարակային հայտարարություններում»,- ընդգծեց Փաշինյանը: