Խաղաղության պայմանագրի տեքստում սպառազինությունների սահմանափակման մասին դրույթ ներառելու հարցը չի քննարկվում։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից կան մտահոգություններ, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությանը։
«Ադրբեջանը մի կողմից ասում է, որ իրեն երաշխիքներ են պետք, որ մենք կասկածի տակ չենք դնում նրանց տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից, ակնհայտորեն, մեզ երաշխիքներ են պետք։ Առաջարկների փոխանակման ընթացքում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում անորոշության տարրեր պահպանել։ Սա անհանգստության տեղիք է տալիս։
Ի թիվս այլ հարցերի, մտահոգություն կա նաեւ սպառազինության հետ կապված։ Որպես վստահության ամրապնդման լրացուցիչ գործիք և որպես անվտանգության և կայունության ամրապնդման շոշափելի քայլ՝ մենք առաջարկեցինք սահմանի երկայնքով ներդնել սպառազինությունների վերահսկողություն։ Դրանք կարող են ամենատարբեր մեխանիզմներ լինել, այդ թվում՝ միջազգային»,- նշեց նախարարը։
Նա պարզաբանել է, որ Հայաստանն այս հարցում արձագանք չի ստացել Ադրբեջանից։
Միրզոյանը հիշեցրեց, որ Հայաստանը նաև առաջարկել է զորքերը դուրս բերել և սահմանի երկայնքով ապառազմականացված գոտի ստեղծել, ինչը կրկին կբարձրացներ սահմանի անվտանգության մակարդակը։
ԱԳ նախարարը կրկնեց, որ խաղաղության պայմանագրի հարցում Երևանի համար առանցքային են մի քանի սկզբունքներ, այդ թվում՝ սահմանազատումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և իրավական հիմքով քարտեզների վրա, ինքնիշխանության և իրավասության վրա հիմնված ապաշրջափակումը և այլն։
«Եթե այս ամենի արդյունքում խաղաղության պայմանագիր կնքվի, ապա մեր կասկածները կփարատվեն։ Այս պահին չկա խաղաղության պայմանագիր, բայց կա բանակցային գործընթաց, որին հարված է հասցվել վերջերս արված հայտարարությունների արդյունքում (Ալիևի կողմից -խմբ.)։ Եթե մենք հասնենք խաղաղության պայմանագրի, դա նշանակում է, որ իրականություններ չեն լինի, որոնք մտահոգություն են առաջացնում, այլ կլինեն ընդունելի լուծումներ։ Հակառակ դեպքում՝ խաղաղության պայմանագիր չի լինի»,- եզրափակեց նա։





























