Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը (նկատի ունի Հաղթանակի շքերթը Մոսկվայում- խմբ.), եւ չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ։ Այս մասին մայիսի 7-ի մամուլի ասուլիսում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ավելացրել է, որ չի հիշում, որ Հայաստանի կամ որեւէ այլ երկրի որեւէ ղեկավար ամեն տարի մասնակցած լինի Մայիսի 9-ի միջոցառմանը։ «Ձեզ տարօրինակ չէր թվա՞, եթե Հայաստանի ղեկավարն ամեն տարի ներկա լիներ Մայիսի 9-ի զորահանդեսին»,- հանդիպակաց հարց է տվել Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը հիշեցրել է, որ մայիսի 8-ին նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։ «Ես դե-յուրե պետք է լինեմ այնտեղ, եւ դա իմ աշխատանքի մի մասն է։ Այս մամուլի ասուլիսը նույնպես իմ աշխատանքի մի մասն է»,- ավելացրել է նա։