Երբ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկում էր շատ լրագրողները, քաղաքական գործիչներ որոշակի կասկածներ ունեին, որ մարդիկ որոշում չեն կայացնի սահմանամերձ բնակավայրերում բնակարաններ կառուցել եւ ապրել, բայց երբ ծրագիրը մտավ գործուն փուլ, այս պահին մենք ունենք ավելի քան 1100 հաստատված հայտ: Ընդամենը 1 տարուց քիչ այս ժամանակահատվածում 1100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նկատելով, որ խոսքը ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրի մասին չէ:

Ինչ վերաբերում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, ապա նրանց մասով դեռ բնակարանային ծրագիրը նոր է հաստատվել, կարգը դեռ չի հաստատվել:

Դիտարկմանը, որ եթե յուրաքանչյուր անձի տրվում է 3 մլն դրամ, 5-հոգանոց արցախցի ընտանիքը 15 մլն դրամով որտե՞ղ կարող է տուն գնել, նախարարը պատասխանեց, որ այդ թվերը ուսումնասիրության արդյունքում են ստացվել. «Գները տարբեր են, տարբեր համայնքներում տարբեր գներ, տարբեր հնարավորություններ կան: Աշխատանքի մասով ասեմ, որ ըստ ՊԵԿ-ի, արդեն 13 հազար մարդ անցել է աշխատանքի, 4300-ից ավելի միայն մեր միասնական սոցիալական ծառայության միջոցով են ուղղորդվել, որից 3000-ը այդ ուղղորման վայրերում են աշխատել»: