Երևան, 5 հունիսի, 2024թ․ – Այսօր, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ, Նորվեգիայի և Ֆինլանդիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող «Հարկերը հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության շրջանակներում կազմակերպել էր Հարկային արդարության և կարգապահության, ինչպես նաև սոցիալական նոր դաշինքի միջոցով Կայուն զարգացման նպատակներին ուղղված առաջին ազգային երկխոսությունը: 

Միջոցառմանը մասնակիցները քննարկումների ընթացքում կիսվել են տարբեր հեռանկարներով և արժեքավոր մոտեցումներով՝ խթանելով կառուցողական և բովանդակային քննարկումներ հարկային քաղաքականության և վարչարարության միջոցով կայուն ապագայի և նորացված սոցիալական դաշինքի հասնելու համար: Նրանք ընդգծել են հարկերի արդար և արդյունավետ հավաքագրման կարևորությունը քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ եկամուտների ավելացման համար։

_SNM4594.JPG (438 KB)

Միջոցառման ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, որը համախմբել էր ՀՀ կառավարության, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զարգացման գործակալությունների, մասնավոր հատվածի և լրատվամիջոցների ներկայացուցիչների։ 

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն իր բացման խոսքում անդրադարձել է Կայուն զարգացման նպատակների համատեքստում հարկային համակարգի դերին։ Նրա կողմից առանձնակի կարևորվեց ՄԱԶԾ «Հարկերը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության շրջանակներում ցուցաբերած մեծածավալ աջակցությունը՝ հարկային վարչարարության բարելավման գործում։

ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության քաղաքականությանը, որը տևական ժամանակ է ուղղված է ՀՀ-ում արդար հարկման համակարգի կայացմանը և նշեց, որ չնայած առկա խոչընդոտներին, ՊԵԿ-ը էլեկտրոնային հարթակների ստեղծմամբ, թվային և վերլուծական գործիքակազմերի կիրառմամբ զգալի արդյունքներ է գրանցել։ 

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր բացման խոսքում ընդգծել է, որ հարկահավաքությունը հզոր գործիք է հասարակության մեջ հարստության վերաբաշխման, աղքատության և անհավասարության նվազեցման, և արդյունքում կառավարության կողմից իր քաղաքացիների հանդեպ հաշվետվողականության ապահովման համար։ Նա նաև կարևորել է հարկման դերը զարգացման և սոցիալական արդարության ապահովման հարցում։ 

«Հասարակության հանձնառության հետ մեկտեղ, սրանք հիմնական շարժիչ ուժերն են ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի առաջխաղացման համար», - եզրափակել է Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ​​ներկայացուցիչը:

_SNM4549.JPG (71 KB)

Արդար հարկային համակարգի կայացման գործում կարևորվել է նաև պետության և  հասարակության, ինչպես նաև առանձին խորհրդատվական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը։ Նշվել է, որ միայն նման սոցիալական դաշինքի միջոցով է հնարավոր հասնել արդյունավետ հարկային վարչարարության իրականացմանը։ 

Ազգային երկխոսությունը խթանում է քաղաքականության և վարչարարական անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերմանը, նպաստում է ներառական փոփոխություններին և ձևավորում սոցիալական հանձնառություններ: 

Հայաստանի ամերիկյան համալսարանի Սիմոն Մանուկեան գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան  Վաչե Գաբրիելյանը վարել է «Հարկային արդարության կարևորությունը առավել արդար և հավասար հասարակություն ստեղծելու համար» պանելային քննարկումը, որին ներկա են եղել ֆինանսների նախարարության, խորհրդարանի և մասնավոր հատվածի բանախոսները, ովքեր կառուցողական քննարկում են ունեցել հարկային արդարության քաղաքականության շրջանակի, ընթացիկ հարկային ճարտարապետության հիմնական մարտահրավերների և հարկային արդարության բարձրացման և անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ սոցիալական դաշինքի մասին։

Երկրորդ պանելային քննարկումը վարել է ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանի Կայուն ֆինանսների կենտրոնի խորհրդատու Սուրեն Պողոսյանը՝ քննակումներ ծավալելով հարկային արդարությունը բարելավելու համար գործող հարկային համակարգի վերափոխումների մասին՝ արագացնելու գլոբալ ջանքերը ֆինանսավորելու Կայուն զարգացման նպատակները։ Քննարկմանը մասնակցել են հարկային վարչարարություն իրականացնողներ և փորձագետներ, ովքեր նաև ներգրավված են Հայաստանում «Հարկերը հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության շրջանակներում իրականացվող մի շարք աշխատանքներին։