Դեմիրճյան փողոցում գուցեև զորք է, բայց կարծում եմ՝ դա արդարացված է՝ հաշվի առնելով այն բոլոր խուլիգանական գործունեությունները, որոնք կատարվում են փոքրիկ խմբի կողմից։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Եթե կարծում եք, թե 400-1000 հոգին ժողովուրդ է, ապա խնդիր չեմ տեսնում։ Նրանք ժողովրդի մաս են, ունեն իրենց սահմանադրական իրավունքը՝ խաղաղ ցույցեր անելու»,- նշեց պատգամավորը։
Հարցին՝ իշխանականները ժողովրդից զորքո՞վ եք պաշտպանվում, Ալեքսանյանն ասաց․
«Ես փողոցում քայլում եմ մենակ, ի տարբերություն՝ ընդդիմության առաջնորդների, շարժման առաջնորդի, ես թիկնապահներ չունեմ։ Վերջին անգամ շաբաթ օրն եմ քայլել՝ Գինու փառատոնին, հիմնականում մարդիկ ասում են՝ ե՞րբ եք այդ մարդկանց հավաքելու փողոցից, ամենամեծ դժգոհությունը դա է, մենք էլ համբերատար բացատրում ենք, որ քաղաքացիներ են, ունեն իրենց իրավունքները»։
Անդրադառնալով կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստ գումարելուն՝ Ալեքսանյանն ասաց․
«Շարժման առաջնորդն ասում էր՝ 4-5 ՔՊ-ական պատգամավորներ են իրենց միացել, բա ո՞ւր են նրանք, թե՞ էլի կուտ էր տալիս։
Փոքրաքանակ, բայց հարգարժան քաղաքացիներին հավաքել ու ասում են՝ հայտարարության նախագիծ, լո՞ւրջ եք ասում, համազգային էին անվանում շարժումը ու դրա կուլմինացիան պիտի լիներ հայտարարության նախագի՞ծը, նույնիսկ 36 ստորագրություն չկարողան հավաքել, որ իմպիչմենտի գործընթաց սկսեն։ Եթե գնդակը մեր դաշտում է, ապա թող հույսը մեր վրա չդնեն, թող իրենք իրենցով անեն»։
Անդրադառնալով շարժման առաջնորդի այն հորդորին, որ իշխանականները շանս ունեն դարձի գալու, Ալեքսանյանն ասաց․ «Ես իրենց եմ շանս տալիս դարձի գալու։ Թող ապաշխարեն, թող գնան, մոմ վառեն ու ապաշխարեն։ Հուսով եմ, որ կօգտվեն, չնայած խիստ կասկածում եմ»։




























