Շատերը քննադատում են, որ մարդիկ Բաղրամյան պողոտայում երգում են, պարում են, քեֆ են անում, բայց դա իրականում ոչ թե քֆ էր, այլ ազգային որակի հաստատումն է: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Մենք եկել ենք ազգային արժեքները պաշտպանելուց, հայրենիք ունենալն սկսվում է ազգային արժեքներից: Դա հենց դրա ցուցադրությունն էր: Երեկ շատ հստակ էր երեւում տարբերությունը ներկայիս իշխանությունների եւ այն որակի, որոնք բարիկադների այս կողմում են»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավորները նշում են, որ փողոցում ոչ թե ժողովուրդն է, այլ մարդկանց մի խմբակ, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Իրենք արդեն որեւէ չափ ու սահման չեն թողել: Իրենք արդեն ստղային հիվանդությամբ են տառապում, երեկ մասնավորապես ՔՊ-ից Հայկ Կոնջորյանի հայտարարությունը, որ իրենք չեն մասնակցելու արտահերթ նիստին: Եթե իրենք ներկայացնում են ժողովուրդ, եւ ժողովրդի շահերը, իրենք մոռացել են, որ պատգամավորն ունի պարտականություններ հենց այդ ժողովրդի առջեւ, որն իբրեւ թե իրենց ընտրել է: Այդ պարտականություններից մեկը ԱԺ նիստերին մասնակցելն է, եւ թող այնտեղ հիմնավորումներ բերեն, թե ինչու են դեմ այս գործընթացին, ինչու այստեղ կանգնածը ժողովուրդ չէ եւ ինչու են դեմ գնում այստեղ կանգնած իրենց պատկերացրած «ոչ ժողովրդին»:

Իրականում նրանք մարդիկ են, որոնք մոռացել են իրենց անցյալը, իրենց տված խոստումները: Այնքան են չափն անցել, որ երբ ասում են՝ կառավարության ծրագիրը տապալել են, ասում են՝ այդպես էր պետք: Կառավարության ծրագիրը տապալված է եւ ԱԺ-ն փոխանակ քայլեր անի այդ ուղղությամբ, արդարացնում է: Կամ ցրի ԱԺ-ն, կամ հայտարարի, որ ԱԺ-ն ի վիճակի չէ գործել»,-ասաց արցախցի պատգամավորը:

Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն երեկ միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ ՔՊ-ն դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը և հայտարարել, որ ամսի 17-ին ևս իրենք չեն մասնակցի իրավունքի ուժով կայանալիք նիստին: