Անհրաժեշտ է վերացնել 2006թ. «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում առկա անհամապատասխանությունները, ինչպես նաեւ ստեղծել իրավական հիմք վերահսկման արդյունավետության բարձրացման համար թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առքուվաճառքի ոլորտում։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 27-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նախարարը նշել է, որ գործող օրենսդրության որոշ հոդվածներում կան հակասություններ, որոնք խանգարում են շուկայի վերահսկման տեսչական մարմնի աշխատանքին։ «Օրինակ, օրենքի հոդված 6-ը պահանջում է, որպեսզի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը ունենան հարգ, մակնիշավորում, ինչպես նաեւ տարբերանշան եւ անվանում։ Սակայն հոդված 8-ում թվարկված են միայն երեք պահանջներ։ Այս հակասությունը խանգարում է վերահսկման լիակատար իրականացմանը»,- նշել է Պապոյանը։

Այսպիսով, նախագիծը նախատեսում է համապատասխանեցնել գործող օրենքի 6 եւ 8 հոդվածների պահանջները՝ դրանով իսկ վերացնելով առկա հակասությունները։ «Պահանջվում է նաեւ ապահովել թանկարժեք մետաղների հարգերի փոխադարձ ճանաչման գործընթացի անընդհատությունը ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ»,- ավելացրել է պաշտոնյան։

Այս լրացումների ընդունումը, նրա հավաստիացմամբ, թույլ կտա բարելավել վերահսկողության մեխանիզմները եւ ապահովել ավելի արդյունավետ վերահսկում թանկարժեք մետաղների առքուվաճառքի ոլորտում, վերացնել արհեստական պատնեշները տեսչական գործողություններ իրականացնելիս, ինչպես նաեւ ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը՝ նվազեցնելով օրենսդրությունում առկա բացերի հնարավոր ազդեցությունը։

«Այս փոփոխությունները նաեւ համապատասխանում են ԵԱՏՄ իրավական դաշտում փոխադարձ ճանաչման պահանջներին, ինչը կապահովի Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարումը»,- ավելացրել է Պապոյանը։

Որոշ քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է խորհրդարանական հանձնաժողովի հավանությանը։