Իսրայելի ազգային անվտանգության ծայրահեղ արմատական նախարար Իտամար Բեն Գվիրը կարծում է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուն «որոշ հավանություն» է տալիս Գազայի հատվածից պաղեստինցիների «արտագաղթի խրախուսման» գաղափարին, գրում է Times of Israel-ը։

«Գազայում բնակավայրեր ստեղծելու պես գաղափարները ողջունելի են: Միակ անգամը, երբ մենք հաղթեցինք մեր թշնամիներին, դա այն էր, երբ նրանցից տարածք խլեցինք,- ասել է նա Բանակի ռադիոյին տված հարցազրույցում։- Բայց դա ինձ ձեռք չի տալիս: Ես նաև ուզում եմ խրախուսել արտագաղթը (Գազայի պաղեստինցիների)։ Վարչապետի հետ  աշխատում եմ Գազայից միգրացիան խրախուսելու համար, և ես սկսում եմ որոշակի համակարծություն տեսնել այս հարցում», - ասել է նա:

Բեն Գվիրը նաև կոչ է արել Գազայում ակտիվացնել մարտական գործողությունները:

«Մենք ՀԱՄԱՍ-ը ջախջախելու պատմական հնարավորություն ունենք։. Մենք պատմական հնարավորություն ունենք վերականգնելու զսպումը, կրկին գրավելու Գազայի հատվածը և խրախուսելու կամավոր արտագաղթը։ Հենց սա  խաղաղություն կբերի հարավին»,- ասել է նա:

Իսրայելական ծայրահեղ արմատականները պահանջում են  Գազայից պաղեստինցիների արտաքսումն ու «կամավոր գաղթը», և նրանց փոխարեն հրեական բնակավայրերի ստեղծումը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Մոշե Յաալոնը հայտարարել էր Գազայի հատվածում էթնիկ զտումների վտանգի մասին։