«Թալիբան» շարժման գերագույն առաջնորդը հրաման է արձակել, որով Աֆղանստանի բնակելի շենքերում արգելվում է այն պատուհանների կառուցումը, որոնք նայում են աֆղանցի կանանց կողմից օգտագործվող տարածքներին, հայտնում է AFP-ն։

Աֆղանստանի կառավարության խոսնակի հրապարակած հայտարարության համաձայն, նոր շենքերը չպետք է ունենան պատուհաններ, որոնցով կարելի է տեսնել «բակը, խոհանոցը, հարևանի ջրհորը և այլ տարածքներ, որոնք սովորաբար օգտագործում են կանայք»:

«Խոհանոցներում, բակերում աշխատող կամ ջրհորներից ջուր վերցնող կանանց տեսքը կարող է հանգեցնել անպարկեշտ գործողությունների», - ասվում է X սոցիալական ցանցում կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդի հրապարակած հրամանագրում:

Քաղաքային իշխանությունները և այլ համապատասխան կառույցները պետք է վերահսկեն շինհրապարակները, որպեսզի բացառեն հարևանների տները ներխուժելու հնարավորությունը։

Նման պատուհանների առկայության դեպքում սեփականատերերին կառաջարկվի պատ կառուցել կամ փակել տեսարանը՝ «հարևաններին պատճառած անհանգստության համար անախորժություններից խուսափելու համար», ասվում է որոշման մեջ: