Նոբելյան և Պարենի համաշխարհային մրցանակի ավելի քան 150 դափնեկիրներ բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով աշխարհին «հսկայական թռիչք» կատարել պարենամթերքի արտադրությունն ավելացնելու համար նախքան մոտալուտ համաշխարհային սովը, գրում է The Guardian-ը։
Աշխարհի մեծագույն մտածողների կոալիցիան կոչ է արել շտապ գործողություններ ձեռնարկել՝ առաջնահերթություն տալ հետազոտություններին և տեխնոլոգիաներին՝ լուծելու «սննդի գլոբալ առաջարկի և պահանջարկի ողբերգական անհամապատասխանությունը»:
Ֆիզիկոս Ռոբերտ Վուդրո Ուիլսոնը, Նոբելյան քիմիայի դափնեկիր Ջենիֆեր Դուդնան, Դալայ Լաման, տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցը, ՆԱՍԱ-ի գիտնական Սինտիա Ռոզենցվեյգը, եթովպացի-ամերիկացի գենետիկ Գեբիսա Էջետան, Աֆրիկյան զարգացման բանկի ղեկավար Ակինվումի Ադեսինան և գրականության Նոբելյան մրցանակակիր Վոլե Սոինկան կոչը ստորագրողների թվում են, որի համակարգողը 2024 թվականի Պարենի համաշխարհային մրցանակի դափնեկիր և պարենի համաշխարհային անվտանգության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քերի Ֆաուլերն է։
Հղում անելով այնպիսի հարցերի, ինչպիսիք են կլիմայական ճգնաժամը, պատերազմները և շուկայի ճնշումները, կոալիցիան կոչ է արել մոլորակին մեծ թռիչք կատարել սննդի արտադրության մեջ՝ մինչև 2050 թվականը 9,7 միլիարդ մարդու կերակրելու համար:
Գիտնական Ջեֆրի Հոութինը նշել է, որ բրնձի և ցորենի համաշխարհային արտադրությունն արդեն իսկ լճանում է և նույնիսկ նվազում է, և դա այն դեպքում, երբ առաջիկա երկու տասնամյակում սննդամթերքի արտադրությունը պետք է ավելանա 50-70%-ով։
Գիտնականների նամակում ասվում է, որ աշխարհը «նույնիսկ մոտ չէ» ապագա կարիքները բավարարմանը և կանխատեսում է, որ մինչև դարի կեսը մարդկությունը կբախվի «ավելի անկայուն և պարենային անապահով աշխարհի», եթե միջազգային մակարդակում նորարարություններին մեծ աջակցություն չցուցաբերվի:
Գիտնականների նամակը նախազգուշացնում է կլիմայի փոփոխության սպառնալիքների մասին, մասնավորապես Աֆրիկայում, որտեղ բնակչությունն աճում է, բայց հիմնական բերքի՝ եգիպտացորենի բերքատվությունը, ակնկալվում է, որ կնվազի:





























