Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էնդրյու Գվինը հեռացվել է աշխատանքից՝ ենթադրյալ «հակասեմական, սեքսիստական ​​և ռասիստական» մեկնաբանությունների համար, որոնք նա հրապարակել է WhatsApp-ի մի խմբում:

Սկզբում Գվինը հակասեմական մեկնաբանություն է արել և «կատակել» թոշակառու ընտրողի մասին՝ ասելով, որ հույս ունի, որ նա կմահանա մինչև հաջորդ ընտրությունները, հաղորդում է The Mail on Sunday-ն։

Նախարարի «անհաջող» կատակի պատճառը 72-ամյա կնոջ հարցն էր, որը համարձակվել էր հարցնել իր աղբամանների մասին, գրում է Mail on Sunday-ն։

Պարբերականը պնդում է, որ Գվինին մեղադրում են նաև լեյբորիստական ​​կուսակցության պատգամավոր Դայան Էբոթի մասին ռասիստական ​​մեկնաբանությունների և փոխվարչապետ Անժելա Ռեյների հասցեին սեքսիստական ​​արտահայտությունների մեջ։

Ավելի ուշ, երբ Whatsapp-ի խմբի անդամները քննարկում էին, թե, արդյո՞ք, հակամարտությունների կարգավորման փորձագետ Մարշալ Ռոզենբերգը կմասնակցի տեղական լեյբորիստական ​​կուսակցության հանդիպմանը, Գվինը պատասխանել է. «Ոչ։ Նրա խոսքը չափազանց ռազմատենչ և չափազանց հրեական է: Նա աշխատում է Մոսադո՞ւմ»:

Ինչպես ընդգծում է բրիտանական լրատվամիջոցը, երկրի վարչապետ Քիր Սթարմերը հասկացրել էր, որ  լեյբորիստական ​​կուսակցությունում հակասեմիտիզմ չի հանդուրժելու։ Կուսակցության նախկին առաջնորդ Ջերեմի Քորբինի մեկ այլ դաշնակից՝ Ռեբեկա Լոնգ-Բեյլին, հեռացվել էր ստվերային կաբինետից 2020 թվականին՝ սոցիալական ցանցերում հակահրեական գրառման վերաթվիթի համար: