Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ եւ պատերազմի ավարտ այս տարի։ Ինչպես տեղեկացրել է УНИАН-ը, այս մասին մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե անվտանգության ինչ երաշխիքներ կցանկանար տեսնել օգտակար հանածոների վերաբերյալ քննարկվող համաձայնագրում։

«Իմ երաշխիքները նրանք գիտեն... Օրինակ, սա բոլորն են հասկանում։ Անգամ այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ում չեն։ Դա հասկանում են նաեւ Մերձավոր Արեւելքում։ Բոլորն են հասկանում։ Մենք՝ Ուկրաինան, գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ մեզ համար անվտանգության երաշխիքների շատ ձեւաչափեր չկան»,- նշել է նա։

Պետության ղեկավարն ավելացրել է, որ «ոչ ոք պարզապես չի կառուցի ինչ-որ նոր, ինչ-որ գլոբալ բան, ինչ-որ տիեզերական բան»: Եվ ընդգծել է, որ իրենք «այս տարի անվտանգության երաշխիքներ են ուզում, քանի որ ցանկանում են այս տարի ավարտել պատերազմը»։