Եվրամիությունը կփորձի ավելի շատ գազ ներկրել, ներառյալ՝ ԱՄՆ-ից, որպեսզի փոխարինի ռուսական մատակարարումները, և մտադիր է ավելի արագ զարգացնել վերականգնվող էներգիայի արտադրությունը՝ նվազեցնելու համար կախվածությունը էներգակիրների ներմուծումից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դանա Յորգենսենին:

2022 թվականին Ուկրաինայում Մոսկվայի «ռազմական հատուկ գործողության» մեկնարկից հետո ԵՄ-ն պարտավորվել է մինչև 2027 թվականը ամբողջությամբ դադարեցնել ռուսական հանածո վառելիքի գնումները, ու թեև գազատարով գազամատակարարումը Ռուսաստանից դեպի ԵՄ նվազել է, անցյալ տարի Ռուսաստանից հեղուկմ գազի ներմուծումն աճել է: 

«Գազի դիմաց հարկատուների փողը, քաղաքացիների փողը օգտագործելու փոխարեն, որի եկամուտը գնում է (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի գանձարանը, մենք պետք է մեր էներգիան արտադրենք», -ասել է Յորգենսենը։

Բրյուսելը փոփոխություններ է նախապատրաստում իր թույլտվությունների ռեժիմում՝ արագացնելու վերականգնվող էներգիայի ենթակառուցվածքների կառուցումը, ասել է նա: Յորգենսենը նշել է, որ ԵՄ-ն արդյունաբերական հատվածի և տնային տնտեսությունների կարիքների համար ավելի ակտիվորեն կփնտրի էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, որտեղ գազի փոխարեն կարող է էլեկտրաէներգիա օգտագործվել։

«Իմ գործն է համոզվել, որ գազը լինի էժան, ոչ թե՝ ռուսական»,- ասել է հանձնակատարը։

«Գազի կարիքը չի վերանա, և մենք պետք է Ռուսաստանին փոխարինող այլ աղբյուրներ գտնենք, և դա կարող է նշանակել ԱՄՆ-ից ներմուծման ավելացում»: