Բուդապեշտն իր ինքնիշխանության վրա հարձակում է դիտարկում հարվածներն այն ենթակառուցվածքին, որով նա էներգակիրներ է ստանում Ռուսաստանից,  РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հարց է, և մենք մեր էներգետիկ ենթակառուցվածքի վրա ցանկացած հարձակում համարում ենք հարձակում մեր ինքնիշխանության վրա, հետևաբար մենք մերժում ենք բոլոր նման հարձակումները», - Սիյարտոյի խոսքն է մեջբերում ռուսաստանյան լրատվամիջոցը։

Ըստ նրա, «վերջին ամիսների խնդիրը «Դրուժբա» նավթամուղի և այն միացնող ենթակառուցվածքի վրա Ուկրաինայի գրոհներն են եղել», ինչի պատճառով մի քանի անգամ մի քանի օրով ընդհատվել են Հունգարիա նավթի մատակարարումները։

Նա նաև ողջունել է Մոսկվայի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից փոխադարձ հրաժարվելու մասին համաձայնությունը՝ նշելով, որ դրանց ցանկում կան օբյեկտներ, որոնց միջոցով ռուսաստանյան նավթն ու գազը ուղարկվում է Հունգարիա։

Ռուսաստանյան նավթի մատակարարումները Հունգարիա դադարեցվել էին մարտի սկզբին՝ «Դրուժբա» նավթամուղի չափիչ կայանի վրա ուկրաինական անօդաչուի գրոհի պատճառով։

Սիյարտոն միջադեպն անվանել է «հարձակում Հունգարիայի ինքնիշխանության վրա», քանի որ խողովակաշարը չափազանց կարևոր է նավթի մատակարարման համար:

Նա հավելել է, որ Բուդապեշտը անընդունելի է համարում հարձակումները ենթակառուցվածքների վրա, որոնք կարևոր նշանակություն ունեն էներգետիկ անվտանգության համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել իր ռուսաստանցի և ուկրաինացի գործընկերների հետ, որոնց ընթացքում կողմերը համաձայնել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներից 30 օրով փոխադարձ հրաժարվելու առաջարկին։

Սակայն դրանից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան բազմիցս միմյանց մեղադրել են այս համաձայնագիրը խախտելու մեջ։