Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հաստատել է օրենքը, որը երրորդ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիներին զրկում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկելու իրավունքից։ Համապատասխան փոփոխությունները կատարվել են Էստոնիայի Սահմանադրության մեջ, ապրիլի 9-ին հայտնել է Էստոնիայի ազգային հեռուստառադիոհեռարձակողը (ERR):

Օրենքը նաեւ ձայնի իրավունքից զրկում է քաղաքացիություն չունեցող անձանց: Փոփոխությունների համաձայն՝ վերջին անգամ նրանք կկարողանան մասնակցել ընտրություններին 2025թ. հոկտեմբերի 19-ին, իսկ հաջորդ՝ 2029թ. ընտրություններին այլեւս չեն կարող մասնակցել։

«Որոշումը, որ միայն Էստոնիայի եւ Եվրամիության քաղաքացիները կկարողանան քվեարկել ՏԻՄ ընտրություններում, անկասկած, օրինական է: Նույնքան կարեւոր է, որ նրանք, ովքեր մնացել են առանց ընտրելու իրավունքի, չմտածեն, որ պետությունը ցանկանում է իրենց հեռացնել հասարակական կյանքից կամ դիտում է որպես անվտանգության սպառնալիք»,- ասել է Էստոնիայի նախագահը։

Նրա խոսքով՝ ռիյգիկոգուի (խորհրդարանի) անդամները «շատ լուրջ հետեւանքներով որոշում են կայացրել... հավանաբար մտածել են, թե ինչպես պաշտպանել էստոնական հասարակության միասնությունն ապագայում»։

Էստոնիայի խորհրդարանը մարտի 26-ին կայացած նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ երկրների քաղաքացիներին զրկել է ձայնի իրավունքից:

Էստոնիայի ՆԳՆ տվյալներով՝ 2024թ. նոյեմբերի 1-ի դրությամբ երկրում բնակվում էր ՌԴ 78 623 քաղաքացի, Բելառուսի 2 667 քաղաքացի եւ 60 517 քաղաքացիություն չունեցող անձ՝ վավեր կացության եւ կեցության թույլտվությամբ։ Ընդհանուր առմամբ Էստոնիայում ապրում է ավելի քան 1,3 մլն մարդ։

Էստոնիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ անգամ: Էստոնիայի խորհրդարանի անդամները կարծում են, որ այս ընթացքում Էստոնիայի քաղաքացիություն չունեցող անձինք կարող են դիմել Էստոնիայի քաղաքացիություն ստանալու համար՝ հաջորդ տեղական ընտրություններին որպես քաղաքացիներ մասնակցելու համար։