Եվրահանձնաժողովը հաջորդ ամիս կներկայացնի ռուսական նավթի եւ գազի ներմուծման աստիճանական դադարեցման մանրամասն ռազմավարությունը, հայտնել է Reuters-ը։
ԵՄ-ը խոստացել է աստիճանաբար հրաժարվել ռուսական հանածո վառելիքից մինչեւ 2027թ.՝ ի պատասխան 2022թ. Ուկրաինայում պատերազմի բռնկման, սակայն Եվրահանձնաժողովը հետաձգել է իր ճանապարհային քարտեզի հրապարակումը դրա իրականացման մասին: Ծրագիրը սկզբում պետք է ներկայացվեր անցյալ ամիս: Եվրահանձնաժողովն այժմ մայիսի 6-ին կհրապարակի ճանապարհային քարտեզը՝ երկուշաբթի հրապարակված օրակարգի համաձայն։ Հետաձգումները մասամբ պայմանավորված էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրած մաքսատուրքերի շուրջ անորոշությամբ, քանի որ էներգետիկ առեւտուրը կարող է ազդել ԵՄ-ԱՄՆ առեւտրային բանակցությունների վրա, Reuters-ին հայտնել են ԵՄ աղբյուրները: Թեեւ ռուսական գազամատակարարումը դադարեցվել է 2022-ից ի վեր, ԵՄ-ը անցյալ տարի ավելացրել է ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծումը, եւ դաշինքը դեռեւս ստացել է Ռուսաստանից գազի եւ ՀԲԳ մատակարարումների ընդհանուր 19 տոկոսը 2024թ.ն, նշել է լրատվամիջոցը։ Ի տարբերություն նավթի՝ ԵՄ-ը պատժամիջոցներ չի կիրառել ռուսական գազի ներկրման դեմ։ Հունգարիան խոստացել է արգելափակել ռուսական էներգետիկ պատժամիջոցները, որոնք պահանջում են ԵՄ երկրների միաձայն հավանություն, մինչդեռ որոշ այլ կառավարություններ նույնպես ազդարարել են, որ չեն ցանկանում հաստատել ռուսական ՀԲԳ-ի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ ԵՄ-ը չի ապահովել այլընտրանքային մատակարարումներ:
Սակայն Եվրահանձնաժողովը չի նշել, թե ինչ գործիքներ է նախատեսում առաջարկել ռուսական էներգետիկայի փուլային դադարեցումն արագացնելու համար: Բրյուսելում տեղակայված «Bruegel» վերլուծական կենտրոնի վերլուծաբաններն առաջարկել են ԵՄ-ին մաքսատուրքեր սահմանել ռուսական գազի ներմուծման համար: Ռուսական գազի ամբողջական մերժումը կնշանակի ԵՄ գնումների ավելացում այլ մատակարարներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Եվրամիությունը հայտարարել է, որ կքննարկի ԱՄՆ-ից ավելի շատ ՀԲԳ գնելու հարցը, իսկ Թրամփն ասել է, որ Եվրոպային ավելի շատ էներգիա վաճառելը կլինի ԵՄ-ի հետ առեւտրային դեֆիցիտը փակելու իր վարչակազմի ջանքերի առանցքային մասը: Ամերիկյան ՀԲԳ-ն օգնել է լրացնել Եվրոպա ռուսական գազի մատակարարումների բացը 2022թ. էներգետիկ ճգնաժամի ժամանակ։ Անցյալ տարի ԱՄՆ-ը դարձավ Եվրոպա գազ մատակարարող երրորդ երկիրը Ռուսաստանից եւ Նորվեգիայից հետո։




























