Ամբողջ աշխարհում տարեկան արտադրվում է մոտ 460 միլիոն մետրիկ տոննա պլաստիկ, որից պլաստիկ թափոնների ապշեցուցիչ 91%-ը երբեք չի վերամշակվում. 12%-ն այրվում է, իսկ 79%-ը մնում է աղբավայրերում ու օվկիանոսներում և մնում է մեր շրջակա միջավայրում։
Տարբեր տարրերի ազդեցությունը հանգեցնում է նրան, որ պլաստիկը քայքայվում է միկրոպլաստիկների և նանոպլաստիկների։ Հանրային առողջապահության մտահոգությունն աճում է այն առնչությամբ, որ այս նանոպլաստիկները մարդու օրգանիզմ են թափանցում օդի, ջրի, սննդի միջոցով և մաշկի հետ շփման արդյունքում։
Վերջերս կատարված հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են ACS ES&T Water ամսագրում, ցույց է տվել, որ նանոպլաստիկների առանց այն էլ վնասակար ազդեցությունն էլ ավելի է ուժեղանում՝ շրջակա միջավայրի տարբեր թունավոր աղտոտիչների, ինչպիսիք են ծանր մետաղների իոնները, հետ փոխազդելու նրանց ունակության պատճառով։
Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ պոլիէթիլենտերեֆտալատից, պոլիստիրոլից և պոլիպրոպիլենից բաղկացած իրական պլաստիկ թափոններից սինթեզված նանոպլաստիկները կարող են հեշտությամբ կլանել կապարի և կադմիումի վնասակար իոնները և հանդես գալ որպես «տրոյական ձիեր»՝ այդ մետաղները տեղափոխելով օրգանիզմ։
Հետազոտությունները ցույց են տվել, որ նանոպլաստիկները կարող են տեղաշարժվել մեր օրգանիզմում, և դրանց առկայությունը հայտնաբերվել է մարդու արյան, կղանքի նմուշների, դիահերձված թոքերի, սերմնահեղուկի և նույնիսկ մարդու ընկերքի մեջ։ Երբ իմունային համակարգը փորձում է վերացնել այս արհեստական մասնիկները, դա հանգեցնում է նեոպլազիայի (բջիջների կամ հյուսվածքների անվերահսկելի, անոմալ աճի) և կայուն բորբոքման բարձր ռիսկի։
Ըստ գիտնականների, իրենց ուսումնասիրության արդյունքներն ընդգծում են նանոպլաստիկների և ծանր մետաղների իոնների փոխազդեցությունն ուսումնասիրելու անհրաժեշտությունը՝ դրանց թունավորությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունն ավելի լավ հասկանալու, ինչպես նաև նանոմասնիկներով աղտոտումը նվազեցնելու արդյունավետ ռազմավարություններ մշակելու համար։



























