Իրաքում Իրանի դերը սահմանափակելու ԱՄՆ ճնշման ֆոնին, Ադրբեջանը նպատակաուղղված երկրի էներգետիկ շուկայում առաջխաղացման է ձգտում, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը վերաիմաստավորելու և Թեհրանի ռազմավարական ազդեցությունը նվազեցնելու համար, գրում է Fars News-ը։

Վերջին տարիներին Ադրբեջանի և Իրաքի միջև հարաբերությունները զգալի փոփոխությունների են ենթարկվել։ Վերջին տասնամյակներում երկու երկրները խորհրդանշական հարաբերություններից անցել են էներգետիկայի, անվտանգության, դիվանագիտության և առևտրի ոլորտներում ռազմավարական համագործակցության, սակայն տարածաշրջանային վերլուծաբանների ամենամեծ ուշադրությունը գրավել է Բաքվի աճող դերը Իրաքի գազի շուկայում և Իրանին այս կարևոր ոլորտում փոխարինելու նրա ջանքերը։

Իրաքը տարիներ շարունակ բախվել է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ճգնաժամի։ Տասնամյակներ տևած պատերազմներից և պատժամիջոցներից հետո երկրի էներգետիկ ենթակառուցվածքը լրջորեն վնասվել է։

Նման պայմաններում Իրանը դարձել է իրաքյան գազի հիմնական մատակարարը, որն օգտագործվում է էլեկտրակայանների համար, հատկապես երկրի հարավային և կենտրոնական շրջաններում։

Իրաքի պաշտոնատար անձինք միշտ պնդել են, որ իրանական գազին այլընտրանք չկա, սակայն ԱՄՆ պաշտոնյաները, մասնավորապես Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, փորձել են սահմանափակել այդ կախվածությունը։

Վաշինգտոնը փաստացի ճնշում գործադրեց Իրաքի վրա՝ այլընտրանքներ փնտրելու համար։

Այդ առումով Բաղդադը սկզբում դիտարկում էր հեղուկ բնական գազ ներմուծելու հնարավորությունը այնպիսի երկրներից, ինչպիսին են Կատարը և Ալժիրը, սակայն այս տարբերակները ո՛չ ֆինանսապես, ո՛չ էլ աշխարհագրորեն կենսունակ չէին։

Այսդ իրավիճակում Ադրբեջանը հարմար տարբերակ դարձավ։ Երկիրը գազի պաշարներ ունի Կասպից ծովում և իր գազը Եվրոպա է արտահանում Հարավային գազային միջանցքով։ Այֆդ գազի մի մասն այժմ կարող է ուղարկվել նաև Իրաք։

Բաղդադի էներգետիկ երկխոսությունը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի հետ համագործակցությանը, և ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ իրավական և տեխնիկական հարցերն ուսումնասիրելու համար, ներառյալ գազի փոխադրումը, գնագոյացումը, պայմանագրերի տևողությունը և թուրքական ենթակառուցվածքների հետ համակարգումը։

Հիմնական նպատակը մինչև 2027 թվականը 5-7 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելն է: Ներմուծման այդ մակարդակով, ըստ գնահատականների, Ադրբեջանը կարող է ապահովել Իրաքի էլեկտրաէներգիայի սպառման շուրջ 15%-ը:

Գազի արտահանման շուրջ բանակցություններից զատ, երկրի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) դիմել է Բայջիի և Քիրքուքի նավթավերամշակման գործարանների վերակառուցմանը մասնակցելու համար։

Միաժամանակ, երկիրը վերջերս հայտարարեց Էրբիլում հյուպատոսություն բացելու իր մտադրության մասին։ Այդ քայլը ոչ միայն կհեշտացնի հյուպատոսական և առևտրային գործերը, այլև կհարթի Քուրդիստանի նավթային ընկերությունների հետ անմիջական համագործակցության ճանապարհը։

Այդ առումով, Middle East Forum վերլուծական հարթակը գրում է, որ Իրանի դերը այս հավասարումներում բարդ է և բազմակողմանի։ Մի կողմից, Ադրբեջանն այժմ համագործակցում է Իրանի հետ՝ փոխանակման համաձայնագրերի միջոցով այլ երկրներ գազ տեղափոխելու հարցում։

Ի թիվս այլ բաների, Ադրբեջանն իր ավելցուկային գազը Իրանի միջոցով ուղարկում է Թուրքիա կամ Հայաստան և հակառակը։ Դա ցույց է տալիս, որ Իրանն առաջվա պես դեր է խաղում տարածաշրջանային գազային ցանցում։

Սակայն, միևնույն ժամանակ, Բաղդադի և Բաքվի երկարաժամկետ նպատակը, այն է՝ նվազեցնել Իրանի դերը Իրաքի գազի շուկայում, ակնհայտ է։

Միացյալ Նահանգները նույնպես վճռականորեն աջակցում է այս գործընթացին և նույնիսկ խոստացել է մասնակցել Իրաքի գազամատակարարման ենթակառուցվածքների զարգացմանը, եթե նախագիծը հաջող լինի։

Այդ համատեքստում, Ադրբեջանի պաշտոնյաները բանակցություններ են սկսել նաև Իրանի հետ, որպեսզի եթե ադրբեջանական գազը բավարար քանակությամբ հասանելի չլինի Իրաք ուղղակի արտահանման համար, Իրաքի կարիքների մի մասը կարողանա բավարարվել Իրանից փոխանակումների միջոցով՝ առանց Իրանին որևէ գումար վճարելու։ Այլ կերպ ասած, Իրանի դերն այս հարցում կարող է կրճատվել մինչև «եկամուտ չստեղծող տարանցիկ ուղի»։

Հիմնական խոչընդոտներից մեկը պայմանագրերի տևողության վերաբերյալ տեսակետների տարբերությունն է։ Ադրբեջանը ցանկանում է երկարաժամկետ պայմանագրեր՝ ներդրումներ ապահովելու համար, սակայն Իրաքի կառավարությունը՝ իր անկայուն քաղաքական կառուցվածքով, հակված է կարճաժամկետ և ճկուն պայմանագրեր կնքելուն։

Ավելին, Իրանի քաղաքական և իշխանական ազդեցությունն Իրաքում դեռևս շատ բարձր է, և Թեհրանին առնչվող որոշ խմբեր կարող են դեմ լինել դրան։

Ընդհանուր առմամբ, այն, ինչ մենք այժմ տեսնում ենք, լուրջ և կառուցվածքային ջանքեր են՝ ուղղված Իրանի ազդեցությունը Իրաքի էներգետիկ շուկայում նվազեցնելուն, որոնք կենտրոնացած են Ադրբեջանի վրա՝ որպես նոր և ակտիվ տարածաշրջանային խաղացողի։ Այդ զարգացումը ոչ միայն տնտեսական հետևանքներ ունի, այլև կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։

Եթե ​​Ադրբեջանից Իրաք գազ տեղափոխելու նախագծերը հաջողությամբ իրականացվեն, և Ադրբեջանը Իրաքի էներգետիկ զամբյուղում զբաղեցնի Իրանի տեղը, Թեհրանը կկորցնի իր ռազմավարական ազդեցության մի մասը։

Թեև Իրանը դեռևս բազմաթիվ քաղաքական և պաշտպանական գործիքներ ունի Իրաքում, էներգետիկ ոլորտում լուրջ մրցակցություն է ի հայտ գալիս, որը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։