NEWS.am-ի տեղեկություններով՝ այս տարի Երևանում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) վարձավճարները շեշտակի թանկացել են, ինչի հետևանքով  ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին կից բարձր վարկանիշ ունեցող ավագ դպրոցներում դիմելիությունը որոշ ուղղություններում խիստ մրցակցային է եղել:

Մասնավորապես ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեծ պահանջարկ է ձևավորվել հատկապես ֆիզիկամաթեմատիկական ուղղության նկատմամբ, ինչի արդյունքում առաջացել է բարձր մրցակցություն ինչպես անվճար, այնպես էլ վճարովի ավագ դպրոցներում:

Նշենք, որ կրթության երրորդ՝ ավագ աստիճանում, ավագ դպրոցում, սովորողների ընդունելությունն իրականացվում է համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 1640-Ն հրամանով հաստատված կարգի, իսկ ԲՈՒՀ-երի կազմում գործող ավագ դպրոցներում, որոնք ունեն որոշակի ուղղվածություն, ընդունելությունն իրականացվում է գիտելիքների ստուգման միջոցով, որի անցկացման ձևաչափը, ժամկետները և ընթացակարգը սահմանում է տվյալ ուսումնական հաստատությունը:

Օրինակ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում, որտեղ ուսուցումը վճարովի է, 2025-2026 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելության համար սահմանված տեղերից կրկնակիից ավելի հայտադիմումներ:

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան, Երևանի պետական համալսարանից հայտնեցին, որ միայն բնագիտամաթեմատիկական ուղղությամբ ունեցել են 89 դիմորդ (34 տեղի համար)։

Նշենք, որ ԵՊՀ-ի ավագ դպրոցում ընդունելությունն անց է կացվել երկու փուլով (գրավոր քննություն և ընդհանուր իմացության գիտելիքի ստուգում՝ հարցազրույց): ԵՊՀ-ից տեղեկացրին, որ մրցութային 2 փուլերի արդյունքում ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել 34 դիմորդի համարել ընդունելության քննությունները հաղթահարած։  Գրավոր քննությունից հետո ստացվել է 6 բողոքարկում, սակայն բոլորի դեպքում էլ գնահատականը մնացել է անփոփոխ։ Հավասար միավորներ ունեցող բոլոր սովորողներն էլ համարվել են դպրոց ընդունված, որևէ այլ չափանիշ չի գործել նման դեպքում։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցում, որտեղ ուսուցումն անվճար է, այդ տարի միայն ֆիզմաթ ուղղությամբ 100-ից ավելի աշակերտ է դիմել, ինչն աննախադեպ բարձր է եղել նախորդ տարիների համեմատ:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցի 10-րդ դասարաններում դիմորդների գիտելիքների ստուգումն իրականացվել է գրավոր եղանակով, իսկ հրապարակված արդյունքները աշակերտները հնարավորություն են ունեցել բողոքարկել հրապարակումից հետո` 24 ժամվա ընթացքում` էլեկտրոնային կամ թղթային ձևով գրավոր դիմում ներկայացնելով ընդունելության կենտրոնի ղեկավարին:

Իսկ, օրինակ ՀՊՄՀ Հենակետային վարժարանում, որտեղ ևս ֆիզմաթ ուղղությամբ բարձր է եղել դիմելիության ցուցանիշը, աշակերտների գիտելիքների ստուգումն իրականացվել է միայն բանավոր եղանակով՝ ինչը դժգոհությունների պատճառ է դարձել:

NEWS.am-ին ահազանգած դիմորդների ծնողները մասնավավորապես հայտնել են, որ հիմնական կրթության վկայականի միջին որակական գնահատականի (ՄՈԳ)-ի բարձր ցուցանիշով որոշ աշակերտներ չեն ընդունվել ավագ դպրոց, քանի որ չեն հաղթահարել հարցազրույցի փուլը:

Աշակերտները պատմում են, որ հանձնաժողովի անդամները շփոթեցնող և բարդ հարցեր են տվել, ինչից տպավորություն է ստեղծվել, թե հարցազրույցի ելքը, հնարավոր է արդեն կանխորոշված է:

«Երեխան հանձնաժողովի որոշումը վիճարկելու հնարավորություն չի ունեցել, թերևս պաշտոնական կայքում բողոքարկման հետ կապված որևէ տող չկա: Ավելին, անգամ պատասխան նամակ չենք ստացել, թե ինչ հիմքով երեխան չի հաղթահարել հարցազրույցի փուլը, հաջորդ օրը զանգահարել և անակնկալի ենք եկել՝ իմանալով, որ երեխան չի ընդունվել»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեկ ուրիշ ծնող էլ իր վրդովմունքն արտահայտեց այն փաստի առնչությամբ, որ ավագ դպրոցն աշակերտին ընդունելիս ավելի մեծ կարևորություն է տվել հարցազրույցի փուլին, քան աշակերտների՝ 9 տարի սովորածի արդյունքին, ինչն արտացոլված և փաստագրված է ՄՈԳ-ում:

ՀՊՄՀ պաշտոնական կայքում հրապարակված ընդունելության կարգի համաձայն՝ Հենակետային վարժարանի (ավագ դպրոցի) 2025-2026 ուստարվա մրցույթի անցկացման համար պարտադիր է  հիմնական կրթության վկայականի միջին որակական գնահատականի (ՄՈԳ)-ի ցուցանիշը, իսկ հավասար ՄՈԳ-ի դեպքում առավելությունը տրվում է հիմնական դպրոցի ուսումնառության ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաներում դիպլոմ ստացած դիմորդին, ինչպես նաև ավարտական փաստաթղթում նպատակային առարկայից առավել բարձր միավոր ունեցող դիմորդին։

Հրապարակված կարգում գիտելիքների ստուգման բանավոր հարցազրույցի կամ բողոքարկման հնարավորության վերաբերյալ որևէ նշում առկա չէ:

Խնդրի առնչությամբ NEWS.am-ը զրուցեց Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Հենակետային վարժարանի (ավագ դպրոցի) տնօրենի պաշտոնակատար Իրինա Գրիգորյանի հետ: Վերջինս նախ հայտնեց, որ հանձնաժողովը լուծարվել է, ապա խոստացավ ճշտել, արդյոք հնարավորություն կա ուսումնասիրելու և ըստ այդմ վերանայելու մեզ ահազագած աշակերտներից մեկի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած վիճելի որոշումը: Փոխարենն ավելի ուշ մեզ զանգահարեց մանկավարժական համալսարանի մամլո խոսնակ Դիանա Մարկոսյանը: Վերջինս պաշտոնական պարզաբանում ուղարկեց, ըստ որի՝ ՀՊՄՀ ավագ դպրոց-վարժարանն ամեն տարի ունենում է նախատեսվածից ավելի դիմորդ` ստիպված լինելով պահանջարկը հարմարեցնել առաջարկին, այսինքն, ընդունել այնքան աշակերտի, որքան տեղ սահմանված է տվյալ հոսքի կամ դասարանի համար։

«Խնդրո առարկա ֆիզմաթ հոսք 2025-2026 ուստարվա համար դիմել է 66 աշակերտ՝ նախատեսված 36 տեղի համար։ Ընդ որում, գրեթե բոլորն էլ` բարձր առաջադիմությամբ, հաշվի առնելով ավագ դպրոց-վարժարանի հեղինակությունը և ամեն տարվա շրջանավարտների առաջադիմությամբ բնականորեն ձևավորված նշաձողը։ Եվ ինչպես ամեն տարի, այս տարի ևս արձանագրվել է մրցութային իրավիճակ։ Ու որքան էլ ցավոտ լինի աշակերտների և, առավելևս, ծնողների համար, շատ հաճախ դպրոցը ստիպված է լինում մրցույթի արդյունքներից ելնելով ընտրություն կատարել լավերի և լավագույնների միջև։ Հետևաբար, միայն ֆիզմաթ հոսք դիմած 66 հոգուց 30-ը, ցավոք, չի կարող ուսումը շարունակել վարժարանում։ Իսկ մրցույթից խուսափելու տարբերակ հայկական կրթական համակարգում առայժմ չի ստեղծվել։ Ի դեպ, մրցույթից դուրս առավելություն տրվել է միայն արցախյան պատերազմի մասնակիցների երեխաներին»,-ասված է ՀՊՄՀ լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի պարզաբանման մեջ:

Թե մրցույթից խուսափելու ինչպիսի՞ տարբերակի մասին են ակնարկում Մանկավարժական համալսարանից, արդյոք եղե՞լ են ցածր ՄՈԳ, բայց «բարձր արտոնություն» ունեցող դիմորդներ, կամ արդյոք հանձնաժողովի անդամների համար կողմնորոշիչ եղե՞լ է նախապես կազմված «ցուցակները», որոնց վերաբերյալ Մանկավարժականում շշուկներ են պտտվում, պետք է պարզեն ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինները: Իսկ հարցազրույցի փուլի օբյեկտիվության վերաբերյալ գնահատական կարող են հնչեցնել մասնագետները:

NEWS.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն, անդրադառնալով ավագ դպրոցների ընդունելության կարգում գիտելիքների ստուգման բանավոր՝ հարցազրույցի փուլին, նշեց, որ այստեղ մեծ է սուբյեկտիվության գործոնը:

«Եթե երեխան  գնում է հարցազրույցի, բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ կարող են ի հայտ գալ՝ օրինակ մեկին հեշտ հարց տան, մյուսին՝ դժվար և այլն, մինչդեռ կարծում եմ, որ ամեն ինչ պետք է լինի տրամաբանության սահմաններում: Այնպես չէ, որ ՄՈԳ-ի ցուցանիշները արտացոլում են միայն իրական պատկերը, սակայն օրինակ քոլեջներն այդ հիմքով են ընդուելությունը կազմակերպում, ինչն ավելի հստակ է, քան հարցազրույցի միջոցով կատարվված ընդունելությունը»,-ասաց մեր զրուցակիցը:

Խաչատրյանի խոսքով՝ վերջին տարիներին շատ բուհեր հրաժարվել են քննությունների բանավոր ձևաչափից՝ հենց սուբյեկտիվության գործոնը բացառելու նպատակով:

«Կարող է կազմակերպվել հարցազրույց՝ օրինակ աշակերտին, նրա աշխարհընկալումը ճանաչելու նպատակով, իսկ մի քանի հարցով գիտելիքներ ստուգելը խիստ վիճարկելի է՝ հատկապես, երբ գործ ունենք դեռևս դպրոցական տարիքի աշակերտների հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում ֆիզիկամաթեմատիկական ուղղության նկատմամբ շարունակվող պահանջարկին, փորձագետը նշեց, դա պայմանավորված է  մի շարք գործոններով՝ այդ թվում ֆիզմաթ ուղղության համար որոշ բուհերում գործող տարկետման, կրթաթոշակի հնարավորությամբ, ինչպես նաև հետագայում մրցունակ աշխատավարձով աշխատանք գտնելու հեռանկարով:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ