Հավայան կղզիների Մանոայի համալսարանի գիտնականներն ուշագրավ հետազոտություն են անցկացրել, որը լույս է սփռում կլիմայի և ծովային էկոհամակարգերի էվոլյուցիայում երկաթի դերի վրա։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Paleoceanography and Paleoclimatology ամսագրում։
Օգտագործելով Խաղաղ օվկիանոսի հատակային նստվածքների նմուշներ՝ նրանք պարզել են, որ վերջին 93 միլիոն տարվա ընթացքում Խաղաղ օվկիանոսի հարավային մասում երկաթի աղբյուրներն արմատապես փոխվել են։
Երեք խորջրյա կեռնից վերցված երկաթի իզոտոպների վերլուծությունը ցույց է տվել դրա հինգ հիմնական աղբյուր՝ փոշի, հեռավոր օվկիանոսային գոտիներից ստացված երկաթ, երկու տարբեր հիդրոթերմալ աղբյուր և հրաբխային մոխիր։ Սկզբնապես հիմնական դերը խաղացել է հիդրոթերմալ երկաթը, սակայն մոտ 30 միլիոն տարի առաջ գերիշխող դերն անցել է փոշու նստվածքներին։
Երկաթը կենսականորեն կարևոր տարր է ֆիտոպլանկտոնի՝ ածխաթթու գազ կլանող մանրադիտակային օրգանիզմների համար։ Այսպիսով, դրա երկարաժամկետ ցիկլի ուսումնասիրությունը օգնում է գիտնականներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես են փոխվել էկոհամակարգերն ու կլիման։ Զարմանալի է, բայց այսօր Հարավային Խաղաղ օվկիանոսը փոշու տեսքով ավելի շատ երկաթ է ստանում, քան երբևէ վերջին 90 միլիոն տարվա ընթացքում՝ չնայած տարածաշրջանի՝ այս տարրով աղքատ լինելու համբավին։
Այս հայտնագործությունները հատկապես արդիական են ժամանակակից փոփոխությունների ֆոնին. մարդկային գործունեությունն ակտիվորեն ազդում է օվկիանոսներ երկաթի ներթափանցման վրա՝ արդյունաբերական արտանետումների և կենսազանգվածի այրման միջոցով։ Ուստի դրա ցիկլի ակունքների և տեղաշարժերի ընկալումը չափազանց կարևոր է կլիմայի փոփոխության հնարավոր հետևանքները կանխատեսելու և մեղմելու համար։