Գիտնականները պարզել են, որ դենիսովյաններից ժառանգած MUC19 գենը առանցքային դեր է խաղացել Ամերիկայի բնիկ ժողովուրդների՝ նոր պայմաններին հարմարվելու գործում։

Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։

Իմունային համակարգի հետ կապված այս գենը հայտնաբերվել է ժամանակակից և հնագույն պոպուլյացիաների ԴՆԹ-ում՝ հաստատելով գոյատևման համար դրա կարևորությունը։

MUC19 գենը մասնակցում է թքի և շնչառական ու մարսողական ուղիների լորձաթաղանթային պատնեշների արտադրությանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դրա՝ դենիսովյաններից ստացված տարբերակը բարձր կոնցենտրացիաներով հանդիպում է բնիկ ամերիկյան արմատներով ժամանակակից լատինաամերիկացիների, ինչպես նաև Ամերիկայի հնագույն բնակիչների ԴՆԹ-ում։ Սա վկայում է այն մասին, որ գենը ենթարկվել է ուժեղ բնական ընտրության՝ դրա կրողների համար ապահովելով գոյատևման կամ վերարտադրողականության առավելություններ։

Դենիսովյանները հնագույն մարդկանց առեղծվածային տեսակ են, որոնք ապրել են Ասիայում 300 000-ից 30 000 տարի առաջ։ Բրածոներից ստացված նրանց ԴՆԹ-ն թույլ է տվել գիտնականներին ժամանակակից մարդկանց հետ ընդհանուր գեներ բացահայտել։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ դենիսովյաններից ժառանգված EPAS1 գենը օգնել է շերպաներին և այլ տիբեթցիների հարմարվել մեծ բարձունքներում բնակվելուն։

Այս հայտնագործությունը ընդգծում է, թե ինչպես են դենիսովյան ցեղատեսակների հետ հին խաչասերումները հարստացրել մարդու գենետիկական բազմազանությունը՝ ազդելով նրա գոյատևման և նոր պայմաններին հարմարվելու վրա։