Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ մոլորակի յուրաքանչյուր չորս մարդուց մեկը առաջվա նման անվտանգ խմելու ջրի հասանելիություն չունի, գրում է Phys.org-ը։

2024 թվականին ավելի քան 2 միլիարդ մարդ չէր կարող օգտագործել անվտանգության չափանիշներին համապատասխանող ջուր, ինչը վտանգի տակ է դնում նրանց առողջությունն ու կյանքը։ Այդ խնդիրը հատկապես սուր է Աֆրիկայում, որտեղ 28 երկրներում բնակչության ավելի քան 25%-ը նույնիսկ ջրի տարրական հասանելիություն չունի։

Չնայած որոշակի առաջընթացին՝ 2015 թվականից ի վեր 961 միլիոն մարդ հասանելիություն է ստացել անվտանգ ջրին, բարելավման տեմպը չափազանց դանդաղ է։

2024 թվականին միայն 31 երկիր է հասել անվտանգ խմելու ջրի համընդհանուր հասանելիության, մինչդեռ 89 երկիր գոնե տարրական մակարդակ է ապահովել։ Միևնույն ժամանակ, 106 միլիոն մարդ դեռևս կախված է գետերից, լճակներից և ջրանցքներից եկող ջրից, ինչը մեծացնում է հիվանդությունների առաջացման վտանգը։

Ամենախոցելի խմբերից մեկը կանայք և աղջիկներն են, որոնք երկրների մեծ մասում կրում են ջրի հավաքման հիմնական պատասխանատվությունը։ Դա սահմանափակում է նրանց կրթության, աշխատանքի և անձնական անվտանգության հնարավորությունները։ Բացի դրանից, ջրի սակավությունը նպաստում է միգրացիային, որը կարող է սրել սոցիալական լարվածությունը և հանգեցնել բռնության աճի, ինչպես դա նկատվել է Սոմալիում։

Ըստ զեկույցի՝ ՄԱԿ-ի՝ մինչև 2030 թվականը անվտանգ ջրի համընդհանուր հասանելիություն ապահովելու նպատակը, տարեցտարի ավելի դժվար է դառնում։ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդգծում են, որ ջուրը, սանիտարական պայմանները և հիգիենան արտոնություններ չեն, այլ մարդու հիմնարար իրավունքներ, որոնք պահանջում են անհապաղ և վճռական գործողություններ։