Հայկական նախագծերի նկատմամբ չինական ձեռնարկությունների հետաքրքրությունն աճում է։ Այս մասին նոյեմբերի 25-ին «Հայաստան-Չինաստան ռազմավարական գործընկերության զարգացման ենթատեքստերն ու հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի գիտաշխատող Սյու Պոլինը։

Ըստ նրա, Հայաստանը Չինաստանի առաջարկած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ակտիվ մասնակից է։ «Մենք կարող ենք ակտիվորեն համագործակցել դրա իրականացման գործում»,- հավելել է նա։

Փորձագետը հիշեցրել է, որ Չինաստանի և Հայաստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի այս տարի Տյանցզինում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում՝ դա անվանելով զգալի առաջընթաց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Ըստ նրա, հաշվի առնելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստան-Հայաստան ռազմավարական գործընկերությունը՝ երկու երկրները կարող են մեծ թվով կոնկրետ նախագծեր իրականացնել։ «Դա նշանակում է, որ մենք ունենք ընդհանուր շահեր և շատ ընդհանուր հայացքներ։ Մենք պետք է համատեղ խաղաղ միջավայր ստեղծենք զարգացման համար»,- եզրափակել է փորձագետը։