Այս փաստաթուղթը մեզ թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել ԵՄ փորձն ու գիտելիքները ճգնաժամերի կառավարման ոլորտում։ Այս մասին նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցությունն աստիճանաբար ընդլայնվում է։
«Իրականում հենց այս համագործակցության շրջանակում է Հայաստանում տեղակայվել ԵՄ մոնիթորինգային առաքելությունը։ Հայաստանը ցանկանում է լինել ոչ միայն անվտանգության սպառող, այլեւ աջակցել մեր եվրոպացի գործընկերների կողմից իրականացվող միջոցառումներին»,- ասել է Կոստանյանը։
Փոխնախարարը նշել է, որ ԵՄ-ում գործում է մոտավորապես 20 նմանատիպ առաքելություն։ Դրանց մանդատը հիմնված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա կամ իրականացվում է ընդունող երկրների հրավերով, ինչը եւ տեղի ունեցավ Հայաստանի դեպքում։
Նա նաեւ պատասխանել է խորհրդարանի անդամների հարցին՝ ծախսերի վերաբերյալ։ «Ներկայում համաձայնագիրը նախատեսում է, որ մասնակից պետություններն իրենք են հոգում իրենց ներկայացուցիչների ծախսերը։ Միեւնույն ժամանակ, Եվրամիությունն ունի համապատասխան գործիքներ, որոնք կիրառելի են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական առաքելությունների համար։ Այս գործիքները կարող են օգտագործվել մասնակից պետություններին աջակցելու համար։ Հաշվարկների համար գործում են տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ երկրների ՀՆԱ-ի վրա հիմնված եւ այլն», նշել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Կոստանյանը հիշեցրել է, որ տարբեր գերատեսչություններ սահմանել են «ճանապարհորդության բյուջեներ»։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել կառավարության պահուստային ֆոնդը։
«Սակայն այս պահին որեւէ կոնկրետ առաքելության մասնակցության վերաբերյալ որոշում դեռեւս չի կայացվել։ Ներկայում մշակվում է օրենսդրական շրջանակը»,- նշել է պաշտոնյան։
Նա նաեւ պարզաբանել է գործընթացը։
«Համաձայնագիրը նախատեսում է, որ ԵՄ-ը պաշտոնապես հրավեր է ուղարկում, որից հետո Հայաստանը որոշում է՝ մասնակցել, թե հրաժարվել։ Բնականաբար, ինչպես ցանկացած քաղաքական գործընթացում, այստեղ նույնպես նախնական խորհրդակցություններ են անցկացվում», ասել է փոխնախարարը։





























