Իտալիան որոշել է դադարեցնել Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու ՆԱՏՕ-ի ծրագրին իր մասնակցությունը՝ հղում անելով հրադադարի բանակցություններին, հաղորդում է Bloomberg-ը: Երկրի արտգործնախարար Անտոնիո Տայանին նշել է, որ համաձայնության հասնելու և ռազմական գործողությունները դադարեցնելու դեպքում, նոր զենքի մատակարարման կարիք չի լինի, և Կիևի անվտանգության երաշխիքները կդառնան առաջնահերթություն:

Այդ դիրքորոշումը հակասում է Եվրոպայի ավիատիեզերական, պաշտպանական և անվտանգության արդյունաբերության ասոցիացիայի (ASD) մոտեցմանը. կառոււյցը դեկտեմբերի 2-ին զգուշացրել էր, որ եվրոպական երկրները պետք է շարունակեն ավելացնել պաշտպանական արտադրությունը՝ անկախ Ուկրաինայում հրադադարի հեռանկարից, նշում է գործակալությունը:

Ինչպես նշում է Bloomberg-ը, Տայանիի հայտարարությունն ազդանշան է տվել, որ Ջորջիա Մելոնիի կաբինետը վերանայում է իր ռազմավարությունը Ուկրաինայի նկատմամբ՝ իշխող կոալիցիայի ներսում սպառված ռեսուրսների և ներքին տարաձայնությունների բախվելուց հետո: Թեև Կիևին շարունակական աջակցության մասին Հռոմի հավաստիացումներին, Իտալիան դարձավ առաջին եվրոպական երկիրը, որը հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին հրապարակավ հայտարարեց Ուկրաինային նոր զենք մատակարարելու դեմ:

Գործակալությունը հիշեցնում է նաև, որ Իտալիան միայն վերջերս՝ հոկտեմբերին, արտահայտեց իր պատրաստակամությունը միանալու ՆԱՏՕ-ի PURL ծրագրին: Այդ ծրագիրը, որը մեկնարկել է Վաշինգտոնի կողմից զենքի մատակարարումների կրճատումից հետո, դաշնակիցներին հնարավորություն է տալիս Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնել։

Իր հերթին, Ուկրաինան հայտարարել է PURL-ի միջոցով 1 միլիարդ եվրոյի (1,2 միլիարդ դոլար) լրացուցիչ զենքի մատակարարման անհրաժեշտության մասին՝ ձմռանը իր պաշտպանությունն ամրապնդելու նպատակով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ դաշինքի երկրների մոտավորապես երկու երրորդն արդեն մասնակցում է ծրագրին և ընդգծել է, որ դաշնակիցները պետք է ամսական առնվազն 1 միլիարդ դոլար հատկացնեն Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնմանը։