Կալիֆոռնիայում մի քանի հին քրեական գործեր, որոնք տասնամյակներ շարունակ մնացել էին չբացահայտված, վերջապես պատասխան են ստացել ժամանակակից ԴՆԹ գենեոլոգիայի եւ քննիչ Մեթ Հաթչինսոնի համառության շնորհիվ, տեղեկացրել է ABC News-ը։
Ձերբակալությունների չհանգեցրած նախնական հանցանշանները վերանայվել եւ համեմատվել են գենետիկական տվյալների հետ՝ բացահայտելով 1970-1980-ական թվականներին դեռահասների դաժան սպանությունների մեջ ներգրավված հանցագործների ինքնությունը։
Այդպիսի դեպքերից մեկը Պալո Ալտոյից 15-ամյա Քարեն Սթիթի ողբերգությունն էր, որը գազանաբար սպանվել է 1982․թվականին՝ Սանիվեյլում ավտոբուսի կանգառ գնալիս։ Նրա մարմինը հայտնաբերվել է դանակահարության բազմաթիվ վերքերով եւ սեռական բռնության հետքերով, բայց երկար ժամանակ ոչ մի կասկածյալ չէր հայտնաբերվել։ Գործը մնացել է չբացահայտված ավելի քան 35 տարի։
Հանցագործի մասին վարկածն ի հայտ եկավ միայն վերջին տարիներին, երբ քննիչներն օգտագործեցին ԴՆԹ-գենեոլոգիական վերլուծություն եւ ընտանեկան տվյալների բազայի որոնումներ։ Սա նրանց թույլ տվեց նեղացնել հնարավոր կասկածյալների շրջանակը՝ ընտանիքի եղբայրներից մեկին հանգելով, ապա ստանալ ԴՆԹ նմուշ՝ գտնված մնացորդների հետ համեմատելու համար։ Ի վերջո, 78-ամյա Հերի Ռամիրեսը, որը սպանության պահին բնակվում էր Կալիֆոռնիայում, նույնականացվեց որպես գլխավոր կասկածյալ։ 2025թ․ նա մեղավոր ճանաչվեց առաջին աստիճանի սպանության մեջ եւ դատապարտվեց 25 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման՝ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ, որն առավելագույն պատիժն է այս գործի համար։
Մեկ այլ նմանատիպ գործ վերաբերում էր 18-ամյա Էսթելա Մենային, որը սպանվել էր 1979թ․՝ մասնակի զբաղվածությամբ անվտանգության աշխատակից էր։ 2023թ․ նրա կոշիկների վրա հայտնաբերված արյան ուսումնասիրությունը նույնականացրել է բռնի հանցագործություններին մասնակցած առանձին անձի, որն այդ ժամանակ արդեն մահացել էր բանտում, որտեղ հայտնվել էր այլ մեղադրանքներով, նշել են իրավապահ աղբյուրները։
Դետեկտիվը նշել է, որ նման դեպքերը «կմնան իր հոգում» եւ կշարունակեն ազդել իր վրա, չնայած նա ընդգծել է, որ միայնակ չի աշխատել. նախորդ շատ քննիչներ հիմք են դրել նրա ներկայիս ձեռքբերումների համար։




























