Գիտնականները նկարագրել են մարդու հնագույն նախնու ավելի քան 2 միլիոն տարվա վաղեմության անսովոր ամբողջական կմախք, որը նոր լույս է սփռում մեր էվոլյուցիայի վաղ փուլերի վրա, գրում է Ancient Origins-ը։

Այս նմուշը պատկանում է Հոմո հաբիլիս (Homo habilis) տեսակին՝ Հոմո ցեղի ամենահին ներկայացուցիչներից մեկին, որն ապրել է Արևելյան Աֆրիկայում մոտ 2,02–2,06 միլիոն տարի առաջ և համարվում է ավելի ուշ տեսակների, օրինակ՝ Հոմո էրեկտուսի (Homo erectus) և, ի վերջո, ժամանակակից մարդու նախորդը։

Գտածոն օգնում է լրացնել հնէաբանական տարեգրության կարևոր բացը, քանի որ նախկինում այս տարիքի և պահպանվածության նման աստիճանի կմախքների մասին շատ քիչ բան էր հայտնի։

Քենիայի հյուսիսում՝ Տուրկանա լճի տարածքում հայտնաբերված KNM-ER 64061 համարակալմամբ կմախքը ներառում է ոսկորների զգալի հավաքածու՝ անրակներ, թիակների հատվածներ, վերին և ստորին վերջույթների գրեթե ամբողջական ոսկորներ, կոնքի և ողնաշարի բեկորներ, ինչպես նաև ատամներ։ Ատամների առկայությունը թույլ է տվել գիտնականներին վստահորեն բոլոր մասերը վերագրել մեկ անհատի, ինչն ինքնին մեծ հազվադեպություն է նման հնագույն գտածոների դեպքում։

Ոսկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հոմո հաբիլիսի մարմինը համատեղում էր թե՛ ավելի հնագույն ավստրալոպիտեկներին, թե՛ Հոմո ցեղի ավելի ուշ տեսակներին բնորոշ հատկանիշներ։ Օրինակ՝ կմախքն ունի բավականին երկար և ուժեղ բազուկներ, ինչը հիշեցնում է ավստրալոպիտեկներին՝ հնագույն մարդանման էակներին, ներառյալ Եթովպիայում հայտնաբերված և մոտ 3,2 միլիոն տարվա վաղեմություն ունեցող հայտնի «Լյուսիին»։ Միևնույն ժամանակ, կոնքի և ստորին վերջույթների տարրերը վկայում են ուղղաձիգ քայլվածքին հարմարվելու մասին, ինչը բնորոշ է Հոմո ցեղին։

Հատկանիշների այս համադրությունը կարևոր է, քանի որ արտացոլում է հնագույն մարդանման էակներից (որոնք դեռ կարող էին տեղաշարժվել ծառերի վրայով) դեպի ավելի մասնագիտացված ցամաքային օրգանիզմների (որոնք երկար ժամանակ էին անցկացնում երկու ոտքի վրա) առանցքային անցումը։ Նոր գտածոն հաստատում է, որ մեր նախնիների էվոլյուցիան բարդ, բազմափուլ գործընթաց է եղել, այլ ոչ թե մի ձևի գծային փոխարինում մյուսով։

Մինչև այս պահը Հոմո հաբիլիսից հայտնի էին միայն առանձին ոսկորներ կամ գանգեր, իսկ ամբողջական կամ գրեթե ամբողջական կմախքները մեծ հազվադեպություն են։ Ուստի KNM-ER 64061-ը վերջին տարիների ամենակարևոր հայտնագործություններից մեկն է մարդու ծագման վաղ փուլերի ուսումնասիրության գործում։