Ըստ Oxfam բարեգործական կազմակերպությունների միավորման տարեկան զեկույցի՝ միլիարդատերերի կարողությունն աճել է 2,5 տրիլիոն դոլարով՝ հասնելով ռեկորդային 18,3 տրիլիոն դոլարի։
2020 թվականի մարտից ի վեր միլիարդատերերի համակցված կարողությունն աճել է 81%-ով, հաղորդում է DW-ն։ Oxfam-ը նշում է, որ մոլորակի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, չորս վայրկյանում վաստակում է համաշխարհային միջին տարեկան եկամտի համարժեքը։
Միևնույն ժամանակ, զեկույցը ցույց է տալիս, որ մարդկության գրեթե կեսն ապրում է աղքատության մեջ։ Նրանց բաժին է հասնում համաշխարհային հարստության միայն 0,52%-ը, մինչդեռ գերհարուստ մարդկանց 1%-ին բաժին է հասնում համաշխարհային հարստության 43,8%-ը։
«Մենք ապրում ենք միլիարդատերերի դարաշրջանում, և դա վատ լուր է աշխարհի համար»,- հայտարարել է Գերմանիայի Oxfam մասնաճյուղի ղեկավար Շառլոթ Բեքերը։ Ըստ նրա՝առանձնապես մտահոգիչ է գերհարուստ մարդկանց տնտեսական հզորության վերափոխումը քաղաքական ազդեցության, որը խաթարում է ժողովրդավարությունը։




























