«Nature Ecology & Evolution» ամսագրում հրապարակված նոր հետազոտությունն առաջարկում է պրիմատների նույնասեռական հարաբերությունները դիտարկել ոչ թե որպես հազվագյուտ կամ պատահական երեւույթ, այլ հնարավոր էվոլյուցիոն ռազմավարություն՝ կապված սոցիալական խմբերի գոյատեւման հետ։

Գիտնականները վերլուծել են ոչ մարդկակերպ պրիմատների մոտ հինգ հարյուր տեսակների վարքային տվյալները եւ պարզել, որ նույնասեռական հարաբերություններ են գրանցվել դրանցից առնվազն 59-ի մոտ։ Այս տարածվածությունը ենթադրում է, որ դա ոչ թե բացառություն է եղել, այլ պրիմատների սոցիալական կյանքի բնական մաս։

Վերլուծությունը ցույց է տվել, որ նույնասեռական հարաբերությունները հատկապես տարածված են եղել կոշտ միջավայրերում՝ չոր կլիմայական պայմաններում, սահմանափակ ռեսուրսներ ունեցող եւ գիշատիչների սպառնալիքներին ենթակա տեսակների մոտ։ Նման միջավայրերում խմբի գոյատեւումը ուղղակիորեն կախված է եղել համախմբվածությունից, վստահությունից եւ ներքին հակամարտությունները նվազեցնելու ունակությունից։

Այս համատեքստում, նույն սեռի առանձնյակների միջեւ սեռական շփումը կարող է ծառայել վերարտադրության հետ կապ չունեցող սոցիալական գործառույթի՝ ամրապնդելով կապերը, նվազեցնելով ագրեսիան եւ պահպանելով կայունությունը խմբի ներսում։

Բոնոբոների, շիմպանզեների եւ մակակաների դիտարկումները ցույց են տալիս, որ նույնասեռական հարաբերությունները կարող են օգտագործվել հակամարտություններից հետո լարվածությունը մեղմելու, դաշինքներ կազմելու եւ նույնիսկ առանց ուղիղ բռնության հիերարխիաներ հաստատելու համար։

Հետազոտողներն ընդգծել են, որ նման փոխազդեցությունները գործել են որպես ինքնատիպ սոցիալական «սոսինձ», որը թույլ է տվել խմբին ավելի համախմբված գործել մշտական ​​արտաքին ճնշման պայմաններում։

Գենետիկական տվյալները նաեւ մատնանշում են, որ նույնասեռական հարաբերությունների հակումը մասամբ ժառանգական է: Օրինակ՝ ռեզուս մակակաների մոտ ցույց է տրվել, որ այդ վարքագծի փոփոխականության մոտ վեց տոկոսը կարելի է բացատրել գենետիկ գործոններով, մինչդեռ մնացած մասը որոշվում է սոցիալական միջավայրով եւ կենսապայմաններով։

Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ խոսքը մարդկային հասարակության հետ ուղիղ զուգահեռների մասին չէ, որտեղ սեքսուալությունը ձեւավորվում է կենսաբանության, մշակույթի եւ անձնական փորձի բարդ համադրությամբ։

Սակայն հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նույնասեռական հարաբերությունները խոր արմատներ ունեն պրիմատների էվոլյուցիոն պատմության մեջ եւ կարող են կարեւոր դեր խաղացած լինել սոցիալական խմբերի գոյատեւման եւ դիմադրողականության մեջ ժամանակակից մարդու ի հայտ գալուց շատ առաջ։