6 000 մարդ է զոհվել ավելի քան երեք օրում, երբ սուդանյան ռազմականացված խմբավորումը սանձազերծել է «իմտենսիվ բռնության ալիք», նշվել է ՄԱԿ հայտարարությունում։

ՄԱԿ տվյալներով՝ հոկտեմբերի վերջին Սուդանի Դարֆուր տարածաշրջանում տեղի է ունեցել իր մասշտաբով եւ դաժանությամբ ցնցող ողբերգություն։ Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) Էլ Ֆաշեր քաղաքի գրավման համար իրականացրած հարձակումն ուղեկցվել է մասշտաբային վայրագություններով, որոնք հավասարվում են պատերազմական հանցագործություններին եւ մարդկության դեմ հնարավոր հանցագործություններին, նշվել է ՄԱԿ մարդու իրավունքների գրասենյակի ուրբաթ հրապարակած զեկույցում։ «Էլ Ֆաշերի վրա վերջին հարձակման ժամանակ ԱԱՈւ եւ դաշնակից արաբ աշխարհազորայինների կողմից կատարված անիմաստ խախտումները ցույց են տալիս, թե ինչպես է մշտական ​​անպատժելիությունը սնուցում բռնության շարունակական ցիկլեր»,- ասել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ուոլքեր Թյուրքը։

Հոկտեմբերի 26-ին Սուդանի զինված ուժերը եւ դաշնակից արաբ աշխարհազորայինները, որոնք հայտնի են որպես «Ջանջավիդ», գրավել են Էլ Ֆաշերը՝ Սուդանի բանակի մնացած միակ հենարանը Դարֆուրում, եւ ավելի քան 18 ամիս պաշարումից հետո ավերել են քաղաքն ու նրա արվարձանները։

ՄԱԿ 29 էջանոց զեկույցում մանրամասն նկարագրվել են մի շարք վայրագություններ՝ սկսած զանգվածային սպանություններից եւ առանց դատ ու դատաստանի մահապատիժներից, սեռական բռնությունից, փրկագնի դիմաց առեւանգումներից, խոշտանգումներից եւ վատ վերաբերմունքից մինչեւ ձերբակալություններ եւ անհետացումներ։

Շատ դեպքերում հարձակումները էթնիկական հողի վրա են կատարվել, նշվել է զեկույցում, որի մանրամասներին ծանոթացել է Associated Press գործակալությունը։

Սուդանում պատերազմը սկսվել է 2023թ․ ապրիլին, երբ երկու կողմերի միջեւ իշխանության համար պայքարը վերածվեց բաց մարտերի մայրաքաղաք Խարթումում եւ երկրի այլ վայրերում։ Հակամարտությունը հանգեցրել է աշխարհի ամենամեծ մարդասիրական ճգնաժամին, որը երկրի որոշ մասերում սովի է հանգեցրել։ Այն նաեւ նշանավորվել է սարսափելի վայրագություններով, որոնք Միջազգային քրեական դատարանը դասակարգել է որպես պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։