Սերբիայի կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ժամանակավորապես արգելել նավթի և բոլոր տեսակի շարժիչային վառելիքների արտահանումը։ Այս քայլի նպատակն է կանխել ներքին շուկայում հնարավոր դեֆիցիտը և զսպել գների աճը։

Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ-Հանդանովիչը հստակեցրել է, որ արգելքը վերաբերում է դիզելային վառելիքին, բենզինին և նավթին: «Արգելքը գործելու է բոլոր տեսակի տրանսպորտով արտահանման համար՝ մինչև մարտի 19-ը, որից հետո մենք նոր որոշումներ կկայացնենք: Այս քայլի նպատակն է պաշտպանել մեր ներքին շուկան դեֆիցիտից և գների կտրուկ աճից՝ համաշխարհային շուկայում տեղի ունեցող ցնցումների ֆոնին», - նշել է նախարարը:

«Սերբիան այնպիսի երկիր է, որտեղ քաղաքացիները նավթամթերքի դիմաց իրական բորսայական արժեքից ավելի քիչ են վճարում և պետությունն անում է ամեն ինչ՝ սեփական քաղաքացիներին ու տնտեսությունը պաշտպանելու համար», — հավելել է Ջեդովիչ-Հանդանովիչը։