Երկուշաբթի օրը լոնդոնցի 60-ամյա մի զբոսաշրջիկ է ձերբակալվել Դուբայում, հայտնում է Detained in Dubai իրավապաշտպան խումբը:
Ներկայումս նա պահվում է Բուր Դուբայ շրջանի ոստիկանական բաժանմունքում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, զբոսաշրջիկին նկատել են ձերբակալության պահին հրթիռներ նկարահանելիս: Հայտնի չէ՝ արդյոք նա տարածել է նկարահանված նյութը սոցիալական ցանցերում, թե ոչ։
Սա տեղի է ունենում այն բանի ֆոնին, երբ Իրանը պատասխան քայլեր է ձեռնարկում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Պարսից ծոցի այլ պետությունների դեմ՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման համար։
Տղամարդուն կիբերհանցագործությունների մասին օրենք առաջադրելու դեպքում՝ նրան մինչև երկու տարվա ազատազրկում կամ տուգանք է սպառնում: Ազգային անվտանգության հետ կապված մեղադրանքները կարող են հանգեցնել էլ ավելի երկարաժամկետ կալանքի:
Ներկա պահին տղամարդուն պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրվել, և նա կարող է ազատ արձակվել առանց հետագա միջոցների կիրառման:
Ընթացիկ հակամարտության ժամանակ զբոսաշրջիկները, բլոգերները և էքսպատները (արտասահմանցի մասնագետները) բազմիցս համացանցում հրապարակել են Դուբայում ընկնող և որսացվող հրթիռների լուսանկարները:
ԱՄԷ իշխանությունները զգուշացրել են, որ համացանցում պատերազմի վերաբերյալ նյութերի հրապարակումը կարող է հանգեցնել ազատազրկման, քանի որ երկրում գործում են կիբերհանցագործությունների մասին աշխարհի ամենախիստ օրենքներից մի քանիսը:
Այս օրենքների համաձայն՝ կառավարության քաղաքականության, անվտանգության հարցերի կամ տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ ցանկացած մեկնաբանություն կարող է որակվել որպես քրեական հանցագործություն։
Այն նյութերը, որոնք կարող են վնասակար լինել «հասարակական կարգի», «ազգային միասնության» կամ երկրի հեղինակության համար, կարող են հանգեցնել մինչև 77,000 դոլար տուգանքի կամ ազատազրկման։
Detained in Dubai խումբը, որն օգնություն է ցուցաբերում Մեծ Բրիտանիայի և այլ երկրների քաղաքացիներին ԱՄԷ օրենքների հետ կապված հարցերում, հաստատել է, որ օգնում է ձերբակալված բրիտանացու ընտանիքին։ Գլխավոր տնօրեն Ռադհա Սթերլինգը նշել է, որ չնայած իշխանությունների նախազգուշացումներին, որ չպետք է լուսանկարել և տեսագրել հրթիռները՝ շատերը «մոռանում են կամ տարվում են տեղի ունեցող իրադարձություններով»։
«Յուրաքանչյուրն ունի հեռախոս և տեսախցիկ։ Մարդիկ պարզապես անփույթ են գտնվում»,- ասել է նա։





























