Մերձավոր Արևելքում հակամարտության սրացման սկզբից ի վեր Իրանում, Լիբանանում և Իսրայելում զոհվել է ավելի քան 1,8 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 12,5 հազար։ Այս տվյալները մարտի 11-ին հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։

«Իրանում ավելի քան 1,3 հազար մարդ է զոհվել, 9 հազարը ստացել են վնասվածքներ։ Լիբանանում զոհերի թիվը հասնում է առնվազն 570-ի, վիրավորներինը՝ 1,4 հազարի, իսկ Իսրայելում կա 15 զոհ և 2142 վիրավոր»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

Բացի այդ, ԱՀԿ ղեկավարն ուշադրություն է հրավիրել տարածաշրջանի առողջապահական օբյեկտների վրա հարձակումների աճին։ Փետրվարի 28-ից ի վեր կազմակերպությունը գրանցել է 18 հարձակում Իրանում, 25-ը՝ Լիբանանում և 2-ը՝ Իսրայելում։ Գեբրեյեսուսն ընդգծել է, որ նման հարվածները ոչ միայն մարդկային կյանքեր են խլում, այլև պատերազմական պայմաններում տեղի բնակչությանը զրկում են կենսական նշանակություն ունեցող բժշկական օգնությունից։